Այն, որ ամեն ինչի մասին հայերս յուրօրինակ պատկերացում ունենք, փաստ է: Այդ պատրանքներով էլ կառուցում ենք մի հայկական աշխարհ, որից չդժգոհելն ուղղակի անկարելի է դառնում: Սակայն դժգոհելուց առաջ պետք է հասկանալ, թե ի’նչ հումք է ստանում քաղաքական շուկան, ի’նչ ապրանք կա վաճառասեղանին և հատկապես ուշադիր լինել ժամկետանց ապրանքների հարցում...
Դասական մոտեցմամբ` քաղաքական մշակույթը պիտի արտադրի և փաթեթավորի այնպիսի գաղափարներ, որոնք կստեղծեն հանրային շարժում, գաղափարակիրների բանակ, որը կռիվ է տալիս հանուն առաջընթացի: Իսկ հասարակական առաջընթացը ոչ ոք չի կարող կասեցնել, միևնույն է, և նրանք, ովքեր չեն սպասարկում հասարակության իդեալները, կմնան իհարկե խաղի մեջ, բայց դրա անունն արդեն քաղաքականություն չէ: Որովհետև քաղաքակիրթ աշխարհում ուժեղ կամ մկանուդ քաղաքականություն ասելով ամենևին էլ ձեռնամարտը նկատի չունեն: Իսկ մերոնք խոստացված շախմատի փոխարեն երկարաձգում են բռնցքամարտի ռաունդները...
Ընդդիմությունը քաղաքական դիսկուրսում ընկալվում է որպես հասարակության վաղվա օր. ցույց տվեք ձեր ընդդիմությանը, ասում են քաղաքագետները, եվ մենք կասենք, թե վաղը քաղաքական ինչ եղանակ է սպավում...Եվ պետության համար ավելի վտանգավոր է գաղափարազուրկ ընդդիմությունը, քան նույնիսկ անգործունակ իշխանությունը: Ընդդիմությունն այսօր մարդկային, ֆինանսական հսկայական ռեսուրսներ է ծախսում, հենվում է զանգվածային`երբեմն արդարացի դժգոհությունների վրա, սակայն ըստ էության քաղաքական ապրանք չի թողարկում: Հրապարակ են նետվում ոչ թե գաղափարներ, այլ մարտահրավերներ, որոնք հավասարապես ընդունելի են նաև իշխանությունների համար: Ընդդիմությունը` որպես քաղաքական կառույց վաղուց արդեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություններ է ենթադրում: Իսկ ընդդիմության դժգհությունը իր ռեսուրսով և նշանակությամբ չպիտի նույնանա մեր հարևան Վարդուշ տատիկի դժգոհությունների հետ: Ընդդիմությունն ասում է` կա այս խնդիրը և պետք է վերացնել, բայց չէ’ որ իշխանությունը դա չի էլ թաքցնում, ինչ է, տարբերությունը ճիշտ ճանապարհի մասին նվազ կամ մե’ծ թյուրիմացությունն է...Հռչակված քաղաքական մշակույթի պահանջարկ, այո, իհարկե կա, այնպես որ անխուսափելի էր շախմատային սկբնախաղին հաջորդած անփառունակ վերջնախաղը, որովհետև անտեսվեց հիմնական խաղացողը`հասարակությունը:
Комментариев нет:
Отправить комментарий