Հերոսի ժամանակն ու ժամանակի հերոսը
/նախաբանի փոխարեն/
Տարածված միտք կա. բանաստեղծը չի սիրում մեկնաբանել կոնկրետ գրվածքը, պոեմը, քան այն, ինչ արդեն շարադրված է: Ես բաժանում եմ այդ տեսակետը:
Դա նման է նրան, որ ծնողը սկսի փիլիսոփայել, թե ինչու որոշեց երեխա արարել, աշխարհ բերել, և թե ինչ կուզենար, որ իր զավակը դառնա` կանխորոշելով նրա ապագան, ժամանակը, նրա հերոսին: Հասկացեք, դա մանկանը լրացուցիչ հատկանիշներով, տաղանդով չի օժտի կամ չի նվազեցնի դրանք, առավելևս` արագահասուն ու սիրելի չի դարձնի:
Իսկ գրականությունն, ըստ իս, հենց մանուկ է, անկախ իր հասունության պատրանքից, որովհետև մանուկը մանկամիտն ու մանկատարիքը չէ, թերևս…Մանուկը`Երկվողն է` ժամանակների ու մարդոց բարուրանքով, Տիրոջ հղացմամբ: Եվ ուրեմն մանուկը` նորահայտն է, շարունակողը, հավերժաբար մեծացողն ու անընդհատ սիրվողն է: Եվ ուրեմն, ամենայն ինչ քննելի է ու բնընկալունակ`տարածության ու ժամանակի չափումներում, այնպես, ինչպես աստվածակերտ յուրաքանչյուր մարդ ու իրադարձություն:
Այդպես ժամանակն իր հերոսներին է ծնում, բայց որոնք, նույնիսկ ճշմարիտ ու արժանահավատ լինելով հանդերձ, մեր տկարամտության, խավարահակության ու նյութապաշտության պատճառով` դեռևս ամբողջապես չեն դառնում մեր ժամանակների հերոսը: Անարդար է ստացվում, բայց փաստ է, որ անձնազոհության ու սխրագործության միջոցով իրականում հենց մեզ ու մեր ժամանակները հերոսացրած Անհատի` Հերոսի ժամանակի տևականությունը հենց մեր վերաբերմունքի ու կեցակարգ-ապրելու փիլիսոփայությամբ է պայմանավորված: Վասնզի, բնությունը ներդաշնակության մեջ է և մեկ կողմի հերոսություն չի լինում, մեկ կողմի երջանկություն ու մեկ կողմի մահ չի լինում, դրանք լինում են դրվագապես մեկ, առանձին, տարբեր, ինքնատիպ, բայց մեկտեղող, համահասցե, յուրաքանչյուրապատկան: Լինում է առանձին կյանքերի տարբերությամբ ներդաշնակվող կամ, վատագույն դեպքում, աղարտող Կենսագրություն:
Ահավասիկ, այս լույսի ներքո պետք է դիտել արցախյան հերոսամարտի երջանկալույս ազատամարտիկ, հետմահու Արիության մեդալի արժանացած, վարդենիսցի հերոս Էդվարդ Պողոսյանին (մարտական կնքանունը`ՄԳՈ) նվիրված իմ «Համանվագ Ցավի ու Հարության» պոեմը (գրված 1996 թ.), որի գեղարվեստական արժեքը, դրա պարագային իսկ, առ ոչինչ է` առանց դրա արարման ԱՌԻԹԻ, ժամանակային հանգրվանի ու մեկ ամբողջ սերնդի ու եզերքի եղերական, բայցև հերոսական ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ հուզավառ, մարդկային ընկալման: Եվ, ուրեմն, պոեմն իր էութենական արժեքայնությամբ ավելի շուտ վավերագիր-ինքնակենսագրություն է, որով հավաստվում է Վարդենիսի ու վարդենիսցու` արցախյան գոյամարտին ունեցած անժամանցելի առնչակցությունն ու ավանդը, ինչպես նաև պատերազմին ականատես իմ սերնդի ու ժամանակակիցների հոգեբուխ վերաբերմունքը: Դժվար է ժամանակային նույն ծիրում ապրել հերոսի հետ, տեսանել նրան` ժամանակների հեռվից և հերոսացնել քո և հարագնա ժամանակներում: Էդվարդին ներբողված սույն ստեղծագործությունը դրա փորձն է: Նկատի ունեցեք, որ այն գրվել է 15 տարեկանում, ՄԳՈ-ի նահատակությունից երեք թե չորս տարի անց, Վարդենիսի թիվ 2 դպրոցը (որտեղ, ի դեպ, ուսանել է Էդվարդն ու, երջանիկ բարեբախտությամբ նաև` տողերիս հեղինակը) Հերոսի անվամբ կոչելու տարում և առիթով: Ահա, թե ինչու, աներկբա և անխուսափ է, որ «Համանվագ Ցավի և Հարություն» պոեմում առկա են ժանրային անհամահունչություններ, գրողական ազդեցություններ, մտային ու գրական «անչափահասություն»: Այդուհանդերձ,17 տարի առաջ (պատկերավոր ասած`մեկ զինվորի տարիք) գրված պոեմն այսօր էլ, նույնիսկ փորձառության պարտադրանքով ու մասնագիտական ինքնասիրությամբ, չէի զորի փոփոխել: Այնպես, ինչպես անհնար է փոխել մանկության լուսանկարն` միաժամանակ պահպանելով դրա հարազատությունն ու բնութենականությունը: Այնպես, ինչպես անհնար է փոխել հիշողությունը, պատմությունը, հերոսի ժամանակն ու ժամանակի հերոսին: Նույնիսկ հեղինակային, անձնական կույր հարազատությամբ ու բնազդատածումներով հանդերձ (ինչը, սովորաբար, խորթ չէ ցանկացած գրողի` անկախ իր հանրահռչակության, տաղանդի ու տարիքի), խոստովանեմ, որ պոեմը, հետահայաց գնահատանքով, իրապես, արժանի է հրատարակության` մանավանդ, որ այն, արդեն գրքի տեսքով, կոչված է հասցեագրվել ու անվճար բաժանվել Էդվարդ Պողոսյան հերոսի ու իմ ծննդավայր Վարդենիսի, ինչպես նաև հարակից գյուղական համայնքների հանրակրթական դպրոցներին, տարածքում գործող զորամասերին, քաղաքային ուսումնական միջին մասնագիտական հաստատություններին, մշակութային ու արվեստի այլ կրթօջախներին, պետական ու հասարակական հիմնարկներին, այլ կազմակերպությունների: Անձամբ` ինձ համար պոեմը, որն, ի թիվ շատերի գնահատանքի, առաջին հերթին, արժանացել է հենց Էդվարդի մոր` Սիրունիկի հերոսամայրական հավանությանն ու օրհնանքին, թանկ է` իբրև իմ և իմ սերնդակիցների մանկության վկայական: Ես կուզեի, որը ՎԱՂն այդ վկայականը սեղանի գիրք դառնար իմ դստեր` Անահիտի ու նրա հասակակիցների համար` արդեն որպես պատմության հերոսական ու բոլորահռչակ անցաթուղթ: Որպես Հերոսի` թերթվող ու չխունացող ժամանակագիրք՝ բոլորիս հեղինակմամբ ու վերընթերցմամբ։
Արա ԱԼՈՅԱՆ
(հերոսապատում պոեմ` ներբողված Արցախյան գոյապայքարի լուսահիշատակ հերոսամարտիկ,
վարդենիսցի Էդվարդ Վոլոդյայի Պողոսյանին
(Մգոյին,
ծնվ.
12.4.1967, նահատակված 2.1.1994, թ.)
Ապրել է ՆԱ, ՈՎ զոհվել է ժողովրդի համար
Ա.ՇԵՆՅԵ
Նախակորդ.Մեղեդի Ցասման
Թե ամբողոջովին կորով ես ու ջանք,
Թե քո հասակը
ու տարիքը քո չափվում են բա~րձր, Նոյյան տապանով,
Ուժդ` անխորտակ ընթացքի մեջ է քո վաղնջական,
Որ ձգվում է հար դեպ աստվածային ճշմարիտ Լույսը,
Թե խաչված ու սև քո ճակատագրով
Դու մի երկրային, մարդահիսուս ես…
Իրավունք չունես աչքդ փակելու,
Երբ դեռ եղծում են քո տաճարները
Երբ կրակում են աչքերիդ վրա, դրանց երազի`
Հենց երկնքի մեջ, քո տան շեմից ներս, կամ թե բարուրին,
Երբ երազում են փակել աչքերդ` Երազդ խլած,
Երբ երազում են Երազդ սպանել`
Իրենց աչքերը փակելով քո լույս երազների դեմ…
(Տերը փակ աչքով տեսնում էր շուրջը,
Բորոտին, հեգին ու մեղավորին,
Ու փակ աչքերով ներում էր նրանց` Խաչի հանվելիս)…
Եվ ահա, դու էլ, իրավունք չունես աչքերդ փակել,
Նույնիսկ եթե քո աչքերը իրենց բներից հանեն`
Ու եթե անգամ կուրանաս անլույս,
զի խաչվելու ես, բայց չես մեռնելու,
զի խաչվելու ես, բայց չես մեռնելու,
Զի մեռնելու ես, բայց աչքի համար,
փակ աչքի թե բաց,
Եվ ապրելու ես հավիտենապես`
Լայն բացված աչքով առ Խաղաղություն, առ սեր Հայրենի…
Իրավունք չունես, երբ չի չորացել արցունքը քո մոր,
Երբ քո սրտաչափ ու քարատաճար հին Հայաստանում
Անջրֆի հողը դեռևս արյան բույրն է ըմբոշխնում,
Երբ անասնացեղ հորդան վայրենի
Քո ձիգ գոյության մեսրոպակնիք վավերագիրը`քո
հայոց լեզուն`
Մորթել է ուզում….
…թե անպատիժ են մնում անաստված հանցապարտները,
Դու պիտի գոռաս քո նախնիների անխորտակ ցավով,
Ցասումով նաև. «Մարդ սպանելը սովորանք ձեզմե…»
Բայց ի՞նչ անեինք,
Որ չսպանեինք,
Երբ որ թշնամին իր ձեռքում սեղմել
Ու սպանում էր մեզ…
Չէ~, ինչ եմ ասում, ի~նչ սպանություն-
Խաբեություն է բառն այս ու կիսատ.
Մեզ երբեք, երբեք, երբեք չեն սպանել,
սովորեցրել են մահանալ տարբեր. դժնի ձևերով`
ընտելացնելով սպանությունների, մեռնելու բոլոր հոմանիշներին-
Սովորեցրել են, բայց չենք սովորել սերտել դասն իրենց…
Մեզ մահացնելով դարեր շարունակ`
Սովորեցրել են ապրել հավիտյան…և մարդ չսպանել-
Մեզ, որ հանապազ հաց էինք արդար,
եվ Տիրոջ կամքով բազումապատկված մի ծեղ փշրանքից,
Դուք` որոմներդ ցանկացաք խառնել ձեր բիրտ ցեղերին,
Դուք, որ բարձրացաք, աճեցիք մեզ հետ`
մեր հողի վրա,
մեր սիրո հաշվին,
Այժմ ուզում եք
խլել մեր հա՞ցը,
վերացնել հա՞րցը…
Մեզ գետնած ելնել, խոյանալ բա՞րձր..
Բայց երկինքներում որոմ չի աճում,
Ուրեմն` սին է ցորենին խեղդած փտած գոյության որևէ
աճուրդ….
Հեյ, որոմացեղ, ճահճամարդուկներ,
Դեռ չե՞ք կշտացել արցունքից մեր տաք,
Դեռ չե՞ք կշտացել անեծքից հայ մոր,
Որ իր բարությամբ մի Տիրամայր է
(չէ, ինչ եմ ասում, անե՞ծք է միթե,
Օրհնանք է դառնում` նույնիսկ ոսոխին-
Կանիծեն բախտը, բայց ոչ թշնամուն)…
Դեռ չե՞ք հագեցել մեր բարությունից,
Ուզում
եք քանդել այն Ամարասը,
Ուր դարեր առաջ մեր հայ դպրության, ինքնության մեր
մեծ
Լյառն Արարատը`Մաշտոցը վսեմ
Ուսուցանել է գիր ու շարական,
Եվ մանկան մտքի
չհերկված հողում
սերմանել է լույսն, աղոթքն ու բարին,
Խավարասերներ, բանտե՞լ եք ուզում
Թարթառ, Մռով, Քիրս…
Դեռ ա՞ղ եք ցողում իմ չսպիացած, արյունող վերքիս:
Բավ է, իմ միջից ելել է արդեն
Մեր համբերության Դավիթը Սասմա,
Փշրել, ջարդել է քառսուն ջաղացքար և վեր է պարզել պայքարի`
իր սուր,
իր Թուր Կեծակին,
Անիրավության դեմ իր պայքարով, իր արդար ցասմամբ…
***
Հոգնած օրերի ընթացքից թմբիր,
Եվ ներկա կոչվող` բացված երակից,
Գնում եմ դանդաղ ճերմակը դեպի,
Դեպ հիշողություն` Մատյան եռագիր:
Այլևս անզոր դիմակայելու
Աշխարհի մեղսոտ այս անցուդարձին,
Գլուխս, ահա, դնում եմ բարձին,
Փակված աչքերով, սակայն նայելու
Մի զարմանալի, խորին հատկությամբ,
Անվանեցեք գեն, բնազդ, արյան ճիչ,
Եվ կամ թե այլ ինչ…
Դրա համար էլ հասուն են բոլոր հայ մանուկների
Աչքերը թածխոտ,
Որ տարբերում են օտարներն անգամ,
Եվ աչքերն այդ թաց` մեր չվերջացող ցավերն են, ախ, ծո~ր…
Եթե սիրում ես, Տեր, մանուկներին,
Արարածներին այս անմեղ ածու,
Որ քո աչքերն են այս թատրոն-ցածում,
Ուրեմն ասա,
Իրավունք ունե՞նք աչքներս փակել
Քո այս երկրային աչքերի մահվան ու տանջանքի դեմ…
Հերիք է լռես, հասկացանք, մարդ ենք,
Երբ է հատնելու այս հին, մարդկային ողբերգությունը,
Ուր մեզ վստահվեց լոկ մեռնողի դեր,
Մեզ ասա', ասա', ավարտը ե՞րբ է,
Երբ շփոթել ենք զարկը ծափի հետ,
Երբ դեռ չգիտենք` տարբերել չարին` վատ դերասանից…
Իմ սակավախոս, իմ ամենատես, իմաստուն իմ Տեր:
***
Հույսը սրբավայր ուխտի է գնում`
Բոբիկ ոտքերով,
Հույսը` որբուկ է դեմքով անլվա,
Բարձրանում է վեր`ընկնել-ելնելով,
Եվ որքան բարձր`
Ցուրտն է սաստկանում, քամին`անհոգի,
Բայց նա կգնա, կգնա վերև`
չի ընկրկելու, չի մեռնի երբեք-
Աղոթքի համար միայն կչոքի…
Սադայելները քաշում են նրան,
Կայծակն է շաչում տկար մարմնին,
Բայց նա չգիտե դառնաղի նռալ,
Նա վառ կմնա, նա չի մարմրի,
Հույսը մանուկ է` որդի նորածին,
Հույսը ծնվողն է, նա չի մեռնելու,
Ոսոխ, մոռացիր….
Եթե քո հույսը մանուկ չէ, օ բիրտ,
Թե հուսացել ես` մեզ հուսազրկել և հուսախաբել,
Խլելով լույսն ու հույսը մեր կոպի,
Ուրեմն, ինքդ կհուսաթափվես,
Կլուսաթափվես,
Քանզի եկել է ժամը հատուցման,
Մենք, որ ունեցանք նույնիսկ դարատև, ձիգ
համբերություն` առավել Հոբից..
***
Թե ամբողջովին
Դու ողբերգության անգիր մատյան ես,
Թե ամբողջովին Վերք Հայաստանի,
Վերք-Հայաստան
ես,
Ել, լսու՞մ ես ինձ, իմ եղբայր, իմ հայր,
Հանիր պատյանից թուրը քո սուրսայր,
Հերիք է սիրտդ ներսից արյունի ու դրսից նաև,
Ել, այ Սասնա ծուռ, տիգրանավայել
Ել`խոնարհվելով Աստծո, Սիրո դեմ,
Բայց խոնարհեցրու անաստվածներին,
Ել, խոնարհեցրու սուրբը բանտողին,
Սերը…ատողին,
Մանկան ոտքի տակ հողը քանդողին,
Լույսն աղարտողին,
Հույսը զատողին…
-Խաչդ դիր գետնին ու շունչ առաջ Ընկեր,
Արդ, հարկավոր է հենց Խաչը փրկել:
Մեղեդի ճանապարհի
ու հիշողության
Ձմեռը` հյուծված, կարեվեր զինվոր,
Երկիր Նաիրին` ամա հոսպիտալ,
Գնացք` երկարող, անկայան, անվայր,
և հիշողություն`աղավնի սպիտակ:
Հիսուսամորուք տղաներ: Հառաչ:
Սատանան կրկին ձեռքն է երկարել.
-Հիսուսին, ի Խաչ…
Սատանին կրկին խաչվողին կառչել`
Մահ է աննահանջ…
Բարաբաների աչքերի առջև
Արդեն նոր դեմքով կելնի մարգարեն,
Նոր հայրենիքի փրկության հույսով,
Որից չեն քշում…
Եվ որի համար պետք է մաքառել:
Իր նման կելնի և իր հավատով,
Որ հավերժացնի Խաչը իր ձեռամբ,
Որքան էլ նեռը խուժի մահադող,
Նա չի սասանի հավատը Լեռան:
* * *
* * *
…Եվ ցուրտ գնացքի ցուրտ խցիկի մեջ,
Էդվարդը հիշեց մանկությունն իր տաք.
Աչքերը փակեց, խաղաղ ու անվեճ,
Հուշերի կապույտ եզերքը մտավ:
Աչքերի առջև կանգնեց այն տղան,
Որ տանը թողած մոր տագնապ ու կանչ,
Սիրում էր ցրտին աներկյուղ խաղալ,
Սահակ նախահոր խենթությամբ իր քաջ:
Եվ ինքն էր դառնում Սասունցի Դավիթ,
Այն որ սիրում էր մայրն իրեն կարդալ,
Կամ Մհերի պես ելնում անձավից`
Բերելով հայոց հատուցումն արդար:
Հիշեց, թե ինչպես խաղընկերներով
Գրոհում էին, թրերով շաչում,
Վազում հայրենի սար, եզերքներով,
Կռվելով անհաց, ուժասպառ անջուր:
Տեսնես` ինչի՞ց է, մտքի մեջ ընկավ,
Որ մանուկների ամենասիրած
Խաղն էլ…կռիվն է, թեկուզ մանկական…
Հայ մանկան կռիվն արյան կանչ է մեծ:
Եվ մորը հիշեց` կարոտի խորան,
Աչքերից սահեց արցունքը հուշիկ,
Ծխեց, որ հանկարծ ցավից չգոռա,
Որ տխրությունը հանկարծ չխուժի:
-Մի գնա, որդիս, վիրավոր ես դեռ,
-Մայր, իմ հոգին է վիրավոր հիմա,
Ես պիտի գնամ, երդում եմ տվել
Խաչված ընկերոջ դիակի վրա:
Ախ, ինչպե՞ս մնամ, երբ տեսա այնտեղ`
Կարաչինարում, փայտե սնդուկում,
Անդամահատված մանուկներ անմեղ,
Նրանք ցավերն են վիրավոր հոգուս:
Մայրական վերջին,
թախանձանք անզոր,
Հետո օրհնություն`նկար ու մասունք,
Իրավունք չկա աչք փակել այսօր,
Եվ փակել վաղը, նաև հետայսու:
-Մայր գալու եմ ես, դու մի մտածիր,
Ոսոխը մեր տան շեմին է արդեն…
-Դե~, մի լացացրու, ինքդ էլ մի լացիր,
Դու լացկան տղա երբեք չես կրթել:
Իսկ ես գնում եմ, որ դու չլացես,
Որ բերեմ հույսի, լույսի ծիածան,
Ես հետ եմ գալու, խոստանում եմ Ձեզ,
Մենք հետ ենք գալու մեկտեղ, միաձայն:
…Հիշողություն` մեծ, սուրացող գնացք,
Ընթացքի հուշեր, պատկերներ` վագոն,
Հավերժի ճամփորդ զինվորներ ու Հարց,
Որ պիտի վճռեն փոքր ու ավագով:
Հույսի` այս ափին տագնապներ, աղոթք,
Հույսի` այն ափի տղերքին ի սեր,
Որ շատ չտարվեն մահաբեր խաղով,
Որ վերադառնան հայրենի եզերք:
Գիշերներ ձանձիր` մոմալույս դողով,
Հույսի, երազի, հավատի սով է,
Պայքարի բռունցք, Արդարի բողոք,
Դիտապաստ կուռքի կործանված սովետ:
Այնտեղ գետնեցին արձանը նրա,
Նա, որ մեզ նման մանուկ է եղել,
Նա, որ հույս ուներ, գուցե, մեզ նման,
Նա, որ ՄԵՆՔ չեղավ, այլ ՄԵԶՆԻՑ շեղեց:
Շեփորեց մեկը օրհներգը Կռվի,
Ամբոխը երդվեց փրկել Տունն Աստծո,
Տղաներն առան կոչնակը հեռվից,
Մարտի դաշտերում երդվեցին անձով:
Մաքառում` ընդդեմ բիրտ սադայելի,
Չենթարկվող հողի ու նեռ ազերու,
Բարձրյալի սիրու՞ց տուժեցինք էլի,
Եվ Տերը լքե՞ց` առանց ասելու:
Ուխտյալ զինվորներ Արարատ լեռան,
Լեռան պես` ցավը ամբարած սրտում,
Բայց, վա'յ, ոսոխին, թե հանկարծ ելավ
Ու հրաբխվեց սրբազան մարտում:
Թեկուզ գողգոթա, սակայն կքայլեն,
Կգնան` Տիրոջ խաչը փրկելու,
Հերոսին վայել ու առաքյալին
Վասն հայրենյաց նահատակվելու:
Ծխում էր անդուլ, ծխում էր Մգոն,
Հիշողությունն էր խնկարկում ցավից,
Մերթ փակվում էին աչքերը մեգով,
Մերթ վեր էր թռչում մոր կանչող ձայնից:
Ով է այս գեհեն կյանքը կառուցել,
Տիրոջ սարքածը դրախտն էր միայն,
Տղերքը` հերսոտ և մարդառյուծներ,
Կելնեն կռվելու զորությամբ մի այլ:
Օտար քամիներ,
Ճգնեցիք իզուր մեզ շանթահարել,
-Արմատս խորն է.
Ես գիտեմ ապրել ու դրանով իսկ` ձեզ արհամարհել.
-Հավատս խորն է:
Արմատն առողջ է,
թե նրա կյանքի երազն ապրում է բողբոջ-սաղարթում:
Արդեն տեղում են: Էդվարդը գրկեց հին ընկերներին,
Արդեն տեղում են: Էդվարդը գրկեց հին ընկերներին,
-Ես եկա տղերք` հավատով արթուն…
Մեղեդի զարթոնքի
Զինվոր ծիրան-դուդուկի շուրթով
Մի կոմիտասյան երգ էր վեր հառնում,
և հորովելը երկար սքեմով
մի կախարդական էակ էր դառնում:
Եվ լսում էին տղերքն ակնապիշ,
Թպրտում էր մի վիրավոր կարոտ,
Աչքերում նրանց մռունչ կար ու վիշտ,
և ուրարտական երթ էր երկարող:
Եվ դառնում էին օրերը մոխիր.
Ձեռքից ձեռք անցնող ծխախոտ թունե,
Մխում էր սիրտը երդված ամբոխի,
Որ մահն էր արդեն հոժար ընդունել:
Ու երգը դանդաղ հագնում էր ծիրան,
Նորաթուխ հարսի հանդերձանք ու քող,
Եվ Սոնա յարն էր պարում հեզիրան,
Եվ Իգիթին էր պատում սիրո դող:
Մոռացած, որ կա աշխարհ ու կռիվ,
Գարունաերգը`որպես թե իշխան,
Թագավորում էր`խնդությամբ ցրիվ,
Երգը բուրում էր ծովեզերք, չիչխան:
Երգը դառնում էր մոր թխած լավաշ.
Երգը դառնում էր հաց բերող աղջիկ,
Որ դեռ չգիտե համբուրվել ու վարժ
Փախչում է միայն, հեռու չի փախչի:
Դուդուկի շուրթով կարոտն է երգում,
Տղերքը, ներսից թացվում են մի քիչ,
Հետո ձայնակցում, ահա, մեկ, երկու,
Մեկտեղ հնչում է խլացած մի ճիչ:
Թռչում են նրանք երգի ճախրանքով
Տղերքը մտքով, ախ, տուն են թռչում,
Մերթ զորավոր են`
կռվի սխրանքով,
Մերթ վիրավոր են նրանք հանց թռչուն:
Հիմա լեռներում հողի շունչ կա տաք,
և մայրանալու տածումներ անեղծ,
Գարունն է սփռում կյանք-հրովարտակ,
Ավետում է սեր`որպես բանաստեղծ:
Հիմա հայրենի տան մատուռ-բակում
Խաղաղություն է…աղոթում մայրը,
Տիրամոր նման աչքը չի փակում,
Հոգով այցելում մարտական վայրեր:
Աղոթում նույնիսկ թշնամու համար`
Մայրական անբառ գթությամբ, սիրով
Որպեսզի երբեք չարությամբ համառ
Մեր տունը չգա սատանի սրով:
Մայրը դպրոցում դեռ հույս է տալիս,
Սովորեցնում է գրքերից այնկողմ`
Աշխարհը սիրել անհավատալի
Բարությամբ` Տիրոջ լույս արարչանքով:
-Լավ եմ: Չնեղվեք: Կհաղթենք, շուտով,
Մա~յր, ինձ լավ գիտես, դասդ սերտել եմ,
Մեր վերադարձը կնշենք շուքով,
Լիելով բոլոր, բոլոր, բոլոր սրտերը:
Մայրը կխնդա արցունքի միջից,
Կսեղմի կրծքին նամակը որդու.
Կփռվի հետ արահետ մի ջինջ,
Հուշի Կաթնծիր` խնդությամբ հորդուն:
…Հետո լռություն: Կարմիր երեկո-
Կարոտներ ու ցավ, մահաբույր ու կեզ,
Մթնող երկնի պես մռայլվեց Մգոն,
և հոգուն իջավ տառապանքի ծես:
Հիշեց ծխացող շեներն հայրենի
Մորթված մանուկին, օջախներն անծուխ,
և պատերազմի բոլոր վայրերի
ոտնահետքերը խորն ու մահացու:
Վիշտը լեռնացավ Էդվարդի սրտում,
-Դու մի վախեցիր, գալիս եմ ընկեր,
Չէ՞ որ տվել ենք սրբազան երդում`
Մեղեդի Ցավի
Երկինքներում է դեռ ուժը մնում,
Երկունքներում է դեռ մուժը մնում…
…Եվ քայլում էին մահն աչքերի մեջ,
Եվ թիկունքին` խաչ, մայրական աղոթք,
Եվ հոգում կռիվ, արդարության վեճ,
Քարտեզարգրված սուրբ Ղարաբաղով:
Նրանց աչքերը ալեկոծ գիհոն,
Ավերակ, կործան շեներ ու մատուռ,
Անմահ հոգիներ, մարմիններ` ի հող,
Արդարի պայքար, հերոսապատում:
Ընկնում է մեկը, երկրորդը, հերթով,
Հասկ են, գետին են փռվում մանգաղից,
Որ հիշողության թոնրի մեջ հետո
Դառնան սուրբ նշխար, կամ լավաշ ծաղիկ:
Զինվորի նման, կռվող զինվորի,
Ընկնում է, ահա, Գետաշենն ավեր,
Եվ Շահումյանն էլ ընկնում է նորից,
Խուլ հառաչանք է: Հոգին` կարեվեր:
Ձյունն` իբրև պատանք հերոսահանդերձ,
Մահը ձյունի պես սառն, անկարեկից,
Եվ նոսրանում են շարքերը այն մեծ,
Ահագնանում է ցասումը նորից:
Սև ճակատագիր ու ճերմակ լեռներ,
Ռազմավայրն ասես խաղադաշտ հսկա,
Կռիվն` անավարտ պարտիա: Չմեռնել:
Շարժվել առաջ` ցեղի ուժն զգալ:
Մի՞թե շախմատ չէ երկրագունդն այս հեգ,
Եվ մենք խաղաքար, և մենք խամաճիկ,
Առաջին քայլից ձգտում ենք վազել,
Հարվածել, կուլ տալ քայլից առաջին:
Եթե սպիտակ ենք` սևն է եղկելի,
Թե սև ենք` ներում սպիտակին չկա,
Զինվորից մինչև արքա` մեղքերի
Մեջ ենք ինքնակամ, թե վաղնջական:
Ախ, ինչ իմանաս շախմատ է, ՄԱՏ է,
Իմաստուն խաղ է` անիմաստ կռվով,
Սև ու սպիտակը խաբկանք է արդեն,
Եվ հաղթանակը` արյունագրվող:
-Երկինքներում է դեռ ուժը մնում,
երկունքներում է դեռ հուշը մնում:
…Եվ հիշեց Մգոն ծերունուն լքյալ,
Խոշտանգված որդու դիակի առջև,
-Գիտեմ, դարձել ես արդեն առաքյալ,
Ուրեմն տար ինձ…անհույս էր կառչել:
Մինչ այդ խնդրեցին զոհվածի այրուն,
Դառը սուրճ դնել, հենց էնպես, մռայլ,
Ուշացավ աղջիկն ու գտան…այգում…
Կախված պարանից, աչքը` վեր հառած:
Կինն առաքյալի` նոր էր ավարտել
Դպրոցն ու նոր էր հարս եկել այս տուն:
…Զոհվածին` վերում պիտի ավետեն,
Կինդ է գալու, երջանիկ ես դու…
Այդպես է, գուցե, լինելու հավետ,
Մեկտեղ երջանիկ չեն լինի ցածում,
Եվ նույնիսկ` դժբախտ: Ո՞վ է հնարել
բաժանումները, մահեր ու արցունք:
***
Մեր դավթացասում մահապարտների
Ջոկատը նետվեց մարտի մեջ ահեղ,
Կամքով աներեր ու անհատնելի,
Մտքում`ապրելու երազ, ոչ` մահեր:
-Հատուցման պահն էր` Ավարայր դարձած,
Դաշտերը պատանք, դաշտերը` արձակ:
Մեր բախտը մեզնից էլի խռով էր,
Մեր վերքը էլի Քիրս ու Մռով էր,
Խինդը թե մի ծեղ, ցավը բռով էր…
Մեր մահը հեշտ էր, կյանքը զոռով էր:
-Մռավի վրա շամանդաղ իջավ,
Ամպի հետ սահուն, շատ դանդաղ իջավ,
Էդվարդը տեսավ, թե ինչպես կողքին
Ընկերը նորից երգ էր վերհիշել.
Երգը հայերի բարձր ծիծաղն է ու լացն է
բարձր-
Ծիծաղը` հայի լացն է իր բախտի, իր վրա,
կյանքի
-Թռչեի մտքով տուն…կարոտի հուզում, խոհերի
գիշեր…
Երգում էր տղան , որ չվախենա,
Երգում էր` մահվան պաղ հայացքի դեմ,
Բայց ընկավ զարկից կույր ու անխնա,
Դեմքին դրոշմած երգող ժպիտը:
Չլացեց Մգոն. էլ արցունք չկար.
ցամաքել էին ակնաբյուրները,
Սիրտն էր կարծրացել` կորստից այդքան,
Ներսի արցունքը` տեսնում էր Վերը:
Գրպանում հետո մի նամակ գտան,
Որ ինքն էր գրել, բայց դեռ չէր ճամփել.
-Չեմ գալու, մինչև իմ պարտքը չտամ…
Հերոսի ԿՅԱՆՔԸ` մահով չչափել:
Էդվարդի հոգում եռաց վրեժը,
Նա առաջ մղվեց մահ-աղջամուղջին,
Արթնացավ նորից ցավի հրեշը,
Որ կործանում է հոգու մեջ ողջին,
Փամփուշտների հետ ցասումը պարպեց,
Փամփուշտների հետ ցասումը պարպեց,
Չսարսեց ընդդեմ թուրքագունդ որջի:
Որքան զարկում էր, վերջ չկար սակայն-
Շատանում էին`հանց Լույսի վրա գրոհող զեռուն,
Երկնում հնչում էր երգն հերոսական,
Երկինքն զգում էր հերոսի հեռուն:
-Դու ետ քաշվեցեք, պահեցեք գոտին,
Ես ինքս այստեղ, առջևում լինեմ…
…Խոսում էր բոլոր մայրերի որդին,
Երկնքում արդեն նոր կյանքի հիմն էր:
-Վիրավորներին ետ տարեք, արագ,
Եվ դիրքավորվեք, սպասեք մերոնց…
Հետո մահացու, վերջին համազարկ,
Ձյան վրա ընկած մարմին, չէ~, մեռոն…
Արյունը ծորած, լուծվեց թանաքին`
Մոր ճամփած վերջին, վերջին նամակի…
…………………………………………………………………………..
Տղերքը հետո, մի քանի օր անց,
Տղերքը հետո, մի քանի օր անց,
Գտան Էդվարդի պաղած մարմինը,
Նրանցից մեկը լալագին գոռաց,
Իսկ մեկն էլ ծխեց, զի ցավը հին էր:
…Ւսկ հայրենական տանը հերոսի,
Ամանորն էին թախծալի նշում,
Հայրը` ինչպես միշտ խոսում է հազիվ,
Կենացը` նույնն է, ոչ ոք չի հուշում:
Հարևանուհին սուրճի բաժակում
Կանխատեսում է որդու վերադարձ,
Մայրը ժպտում է` աչքերի խորքում
Պահելով դարձի հույսն արցունքաթաց:
-Կգա, կգրկեմ, իմ փրկիչ տղուն,
-Կգա, կգրկեմ, իմ փրկիչ տղուն,
Թող երկար խոսի, սիրտը դատարկի,
Վերջերս լուռ է, և քիչ է գրում,
Կարոտ եմ նույնիսկ գրած նամակին:
Կսպասի մայրը`անքուն բիբերում`
Կսպասի մայրը`անքուն բիբերում`
վառելով կյանքի հաղթության հույսը:
-Մգոն չի գալու, ՆՐԱՆ են բերում…
Մոր աչքերի մեջ առաջին անգամ չի կարող
նայել նույնիսկ Հիսուսը…
…………………………………………….
ՄԵՂԵԴԻ ՀԱՎԱՏԻ ՈՒ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻ
Գրկեց…բայց, ավա~ղ, անամոք ցավից,
Երկարեց դատարկ մի տարածություն,
Հոգու մեջ նրա, աչքերում ծավի
Եղև անծաղկուն թառամածություն:
Վերհիշեց հետո, կարծես, երեկ էր`
որդու պապաշն էր տաքացնում ձեռքում,
այս ե՞րբ մեծացան, դարձան զինվորի
սապոգներ` համար քառասուներկու:
որդու պապաշն էր տաքացնում ձեռքում,
այս ե՞րբ մեծացան, դարձան զինվորի
սապոգներ` համար քառասուներկու:
-Մեզ ու՞ր ես թողնում, իմ Հիսուս որդի,
Դու իմ աշակերտ, Ուսուցիչ սակայն
Անխառն սիրո, կամքի, հավատի,
Բոլորանվեր ու հերոսական:
Դու իմ աշակերտ, Ուսուցիչ սակայն
Անխառն սիրո, կամքի, հավատի,
Բոլորանվեր ու հերոսական:
Ախր, ձեռքերս պարել են ուզում,
Քեզնից ծնվողին պահել են ուզում-
…Աշխարհում անթիվ հարցումներ ու կանչ,
Բայց արդարությունն անվերջ խուլականջ:
Քեզնից ծնվողին պահել են ուզում-
…Աշխարհում անթիվ հարցումներ ու կանչ,
Բայց արդարությունն անվերջ խուլականջ:
Ձգվեց, երկարեց թափորը մահվան,
Լացերով բարձր, ներսի, հարաճուն,
Ցավ կար` անփարատ, ողբագին ավարտ,
Ծիրան-դուդուկն էր անվերջ հառաչում:
Լացերով բարձր, ներսի, հարաճուն,
Ցավ կար` անփարատ, ողբագին ավարտ,
Ծիրան-դուդուկն էր անվերջ հառաչում:
Գերեզմանատան տարածքի վրա
մի անկուշտ, դատարկ հող է սպասում,
Իսկ հետո շիրմին` հերթապահ ֆրազ,
Կյանք ու մահ սեպած` տող է սպասում:
մի անկուշտ, դատարկ հող է սպասում,
Իսկ հետո շիրմին` հերթապահ ֆրազ,
Կյանք ու մահ սեպած` տող է սպասում:
Մի բաժակ օղով` մխիթարություն,
հիշողություններ մի բաժակ օղով,
և չմոռացվող, անբառ տխրություն,
Հոգեմաշ ցավի տևական բողոք:
հիշողություններ մի բաժակ օղով,
և չմոռացվող, անբառ տխրություն,
Հոգեմաշ ցավի տևական բողոք:
Իջնող երեկո, թանձրացող տանջում,
Լռության կնունք, արդար հոգեհաց,
Արդեն ներսում են Մգոյին կանչում,
արդեն իրենցն է ՆԱ անվերադարձ:
Լռության կնունք, արդար հոգեհաց,
Արդեն ներսում են Մգոյին կանչում,
արդեն իրենցն է ՆԱ անվերադարձ:
Արդեն նկար է ու հերոսագիրք,
Արդեն սրբագիր ու անգիրված է,
Բարության քարոզ` անգամ հրոսակին,
Դաս է հաղթության, ուրեմն` անանց է:
Արդեն սրբագիր ու անգիրված է,
Բարության քարոզ` անգամ հրոսակին,
Դաս է հաղթության, ուրեմն` անանց է:
-Այդ ո՞վ է ասում ապրողն է հիշվում,
Ոչ ոք չի հիշում էլ ընկածներին,
այդպես ցորենի հատիկն է ընկնում`
աշխարհ բերելով հացը սեղանի,
այդպես, արևը, ախ, մայր է մտնում,
առավոտ փրկած մութի զնդանից:
-Այդ ո՞վ է ասում, որ գնացողը
ու մնացողը հենց մենք չենք, որ կանք,
Զի նույն են տրված Երկինքն ու հողը,
Եվ միևնույն են մահ, խնդում, զրկանք:
Ոչ ոք չի հիշում էլ ընկածներին,
այդպես ցորենի հատիկն է ընկնում`
աշխարհ բերելով հացը սեղանի,
այդպես, արևը, ախ, մայր է մտնում,
առավոտ փրկած մութի զնդանից:
-Այդ ո՞վ է ասում, որ գնացողը
ու մնացողը հենց մենք չենք, որ կանք,
Զի նույն են տրված Երկինքն ու հողը,
Եվ միևնույն են մահ, խնդում, զրկանք:
***
Իրավունք չունեմ աչքս փակելու
Քո փակված աչքի բաց երազի դեմ,
Ես պիտի հավերժ քեզ հետ երազեմ,
Որ հողը նախնյաց էլ չեն լլկելու:
Այս դպրոցական աղմուկի մեջ խոլ
Ես խոնարհվում եմ դիմաքանդակիդ
Ու Անձիդ առջև`լուռ հավատամքով,
Որ Դասը սերտեմ Քո ժամանակի,
Որ մերն է նաև, ոգեղեն թանկ է:
զի Դու ես հավերժ մեր ժամանակը:
-Դու` մեր նորօրյա Դավիթ ու Վարդան,
Դու արդարության զոհը անարդար:
Քո փակված աչքի բաց երազի դեմ,
Ես պիտի հավերժ քեզ հետ երազեմ,
Որ հողը նախնյաց էլ չեն լլկելու:
Այս դպրոցական աղմուկի մեջ խոլ
Ես խոնարհվում եմ դիմաքանդակիդ
Ու Անձիդ առջև`լուռ հավատամքով,
Որ Դասը սերտեմ Քո ժամանակի,
Որ մերն է նաև, ոգեղեն թանկ է:
զի Դու ես հավերժ մեր ժամանակը:
-Դու` մեր նորօրյա Դավիթ ու Վարդան,
Դու արդարության զոհը անարդար:
Մենք, որ խորշում ենք դավադիր վատից.
-Մեր Լավը Դու ես:
Մենք, որ դրոշ ենք ձևում Հավատից.
-Մեր ցավը Դու ես:
Թե լի ենք եղել մենք սխրանքներով.
-Քեզմով`
առավել:
Մեր երգ ու հնչյուն, մեղեդի գերող.
-Հո,
հո, Հորովել:
Սարդարապատից պոկված զանգ ես Դու.
-Եղիցի անցյալ:
Տասնհինգ թվի հայ գանգ ես Դու.
-Եղիցի Բարձրյալ…
Դու չես մահացել, հավերժ կյանք ես Դու.
-Եղիցի,
դարձյալ:
Եվ Զվարթնոցից մնացած փերթն ես.
-Բարձունքը Դու ես:
Մեր բազմադարյա ու ցաված երթն ես.
-Արցունքը Դու ես:
Արարատ լեռան հյուլենն ու շերտն ես.
-Մասունքը Դու ես:
Եվ, ահա, այդպես, խոնարվում եմ արդ
Քո առջև, Էդվարդ, իջնում եմ ծունկի,
Ինչպես խաչքարի առջև ու հպարտ,
առանց ողբալու, առանց արցունքի:
Թեպետ քեզ կյանքում չտեսա կարգին,
Եղածն էլ` հուշի ու վշտի խառնուրդ,
Որքան էլ ցավդ մեր ներսը խարկի,
Դու ամեն օր ես մեզ համար հառնում:
Այն ինչ գրվել է` որպես նվիրում,
Որպես խնկարկում անհեռու եղբոր,
Կիսատ է գիտեմ, և չունի լրում,
Ցավը չես լացի և ոչ մի ողբով:
Բայց, ինչ էլ լինի, քեզ չեն մոռանա,
Լույսի զինվոր ես` Բարձյալի կողքին,
Չենք դրժի երդումն ու չենք հեռանա
Մեր այս վիրավոր ու սուրբ եզերքից:
Հավատդ, Մգո, լեռները շարժեց,
Հավատդ, Մգո, մեր հավատամքն է,
Հավատդ մեր սին կյանքը հավերժեց.
ուրեմն մերն է քո մահն ու կյանքն էլ:
Մենք էլ ենք մի օր հողի փոխվելու,
Մենք էլ ենք մի օր շողի փոխվելու,
Եվ այդժամ, գուցե, հանդիպենք Երկնում.
-Եղիցի Հավատ:
Մարդն իր գործով է նոր հավատ ծնում,
-Եվ եղիցի`Մարդ…
*********************************************************************************************************************************
1996 թ.
Վարդենիս
Վարդենիս
Արա ԱԼՈՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий