Բանաստեղծություններ 11




Դու նման ես մութի՝ լուսնափայլով,

Որի հետ կապված են սիրո քա՜ղցր հիշողությունները,
Բայց դու չես թողնում տեսնել այլոց


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Եթե դրախտից քշվել ենք արդեն,
Թե բաժանված են Ադամ-Լիլիթը,
Գալիքի երազ էլ չկա եթե,
Սուտ է սիրելիս աղի բլիթը:

Հոգ չէ՜ հողեղեն կյանքս էլ անցավոր,
Աներազ կյանքը՝մահվան երախում.
Զի երազիս մեջ հասկացա ցավով,
որ դու երազ ես...նույնիսկ երազում...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Թե Քաղաքում այս հին
թե այս սիրուն Տան մեջ,
ներսում այսքան անսիրտ,
աղմուկներ կան ու վե՜ճ

Խոհանոցում որի
Արյուն, դանակ, եռուն,
որ պիտ անդարձ կորի
հուշի դարակներում,

Որտեղ չկան բոբիկ
Ոտքի ձայներ, խաղա՜ղ,
Ձյունածաղիկ կոպին՝
Սերեր լուսաշաղախ:

Որտեղ քամին չունի
գաղտնագրված խոստում,
Տագնապներ են չուի,
որտեղ ցավն է խստում

Չարությունից ինտիմ,
Ցրտում այս անխարույկ
Կամ խուլիգան պիտի
Կամլիրբ ծնվես, գարու՜ն


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ձեռնարկ`չերջանիկների համար...


Ձեռքերս վեր են աճել`
Լույսով բուսնած ծաղկի պես,
Ձեռքս գիտի հառաչել,
Երբ լռում եմ հանկարծ ես...

Ձեռքերս քեզ են գրկում`
անձեռակերտ էգ, արձան,
Ձեռքերս քեզ են երգում,
Տողով չափված, թե արձակ:

Ձեռքս ցավեց առանց քեզ,
Ձեռնադրված, թագակիր,
Գիտես սիրով առանցքել,
բայց ցավեցնել, թանկագին:

Ձեռքերդ ձեռք չեն միայն`
Ցավի ու սիրո միջև-
Մերթ կռնատ են, ձեռնունայն,
Մերթ էլ`ապտակ անզիջել...


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Երջանկություն, գուցե, կա,
Սակայն դեռ ոչ մեր կողքին,
Ոչ կողակից, այլ տկար
զեփյուռ` անցնող, կաթոգին

Երջանկություն կա գուցե,
նույնիսկ բառ է եթե այն,
որ չի թողնում աչք գոցել,
սրտին`խաղաղ թրթռալ:

Երջանկություն, գուցե, կա
Այնտեղ, Անդին, Ծովերում,
Որպես բարուր ծիսական,
Նրան, որչի ծնվելու


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

ԵՐ-ջանկությունը բառախաղ դարձավ`
Առանց ԵՐ-կուսի,
Հանց ԵՐ-անավետ դրախտի ԵՐ-ազ`
իր եդեմական անպետք խնձորով այն կիսակ-ԵՐ-ած...

ԵՐ-գվող, վ-ԵՐ-քածին, նաև` ԵՐ-ԵՐ-ուն...

Եր-ջանկությունը չի լինում ԵՐ-բեք ներքևում, գուցե,
Եվ գուցե չկա նաև...վԵՐ-ևում...


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Կանչեցիր, ինչպես...ծովի հատակը,

ամեն ինչ այնքան փափուկ էր, քաշող,
ներկեցիր կարմիր, կարմիր գուաշով,
Եվ կարմիր էր քո ներկած վանդակը:

Կանչեցիր ինչպես, Լիլիթ`դրախտում,
ամեն ինչ այնքան համեղ էր, խնձոր,
ախ, ես ու՞մ կանչեմ, և կանսա ինձ ո՞վ,
Կարմիր հեքիաթի հանճար ես, ախ, դու...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Արի, խմենք կյանքի կենացը,
Վերջից առաջ, վերջին անգամ,
զի անիծել ենք նրան այնքան,
Արի, հարբենք կյանքի կենացը:

Արի, կոնծենք ի հիշատակ,
որ նա կմեռնի մեր մեջ,
որ չենք ունենա իր հետ վեճ,
Ոչ նեռ կկոչենք, ոչ էլ`հրեշտակ:

Արի, խմենք կյանքի կենացը,
ու հարբած խնդանք մահվան դեմքին,
արի հորդորենք մնացող կյանքին,
Որ գոնե դառնա...մահվան պես քաղցր...


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Հիշում ե՞ս,
Ինչպես աշնանային այգում
նստարանին կծկված
ասացիր, որինձ չես սիրում

Այդ օրը դու սրտաձև էիր,
Եվ վերարկուդ, կարծես
սրտագույն էր-
Եվ ձայնդ նույնիսկ նման էր իմ գրած երգերից մեկին


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Երկինքը թքած ունի մահվան վրա,

մեկ անձրևում է ու մեկ էլ ձյունում,
Ես պարտավոր եմ նմանվել նրան`
Թեկուզ իմ այս չոր, ցամաքությունում...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Կյանքը անվերջ է, վերջը անկյանք է,
Դեռ սլանում է քաոսի կառքը,
Սերն անսիրել է, լոկ բարձր ֆրազ-
Անկեղծությունը ինքնանարգանք է:

Ելքը վերջն է, բայց վերջը անել է,
ծանր է, գիտեմ, Խաչը տանելը,
Էլ չեմ ծիծաղի ես մահվան վրա,
Քանզի կհաշվի նա ատամներս...


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Գծանկար


Տղան առաջին անգամ տանջվեց սիրուց
ցուրտ լոգարանում,
երբ աջ ձեռքի ափն անշարժացել էր 
ու ծեփվել սառը պատին,
ու երբ ձախն այրվում էր կրքավառ

Տղան վերջին անգամ տանջվեց սիրուց
ցուրտ լոգարանում,
երբ նրա աջ ու ձախ ձեռքերի արյունը
տաք երակից ծորում էր սառը….սալահատակի վրա

Տղան վերջնականապես տանջվեց սիրուց,
երբ ցուրտ սենյակում
աղջիկը չկարողացավ հետևել լուրերին,
քանզի այդ ժամին տունը հոսանքազրկվել էր


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
  


***

Մահաթառանչ է, շատ են մահերը,
Վարից փսխում է Տերը նույնիսկ,
Մահը հանում է նրան էլ հունից,
Քանզի իր կողքով մի օր սահել է:

Մահատագնապ է, և լուր է մահվան,
Մեռնողից անկյանք ապրողն է գուցե,
Մեռնողը միայն աչքերն է գոցել,
Եվ չմեռնելը ապրել չէ, ավաղ...


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *

Ձյունը, կարծեմ, դեռ խոսում է 
մեր փոխարեն,
Եվ մեր տեղակ ձյունը, կարծեմ,
համոզում է

Ձյունը սառն է,
Բայց հալչում է նաև ձյունը,
Իր`ապրելու արդար ճիգն է
կարծեմ, ձյունիսառնությունը
Ձյունը կարծեմ, դեռ գալիս է
մեր փոխարեն,
Գրկում է մեզ ու լալիս է.
Ձյունը, կարծեմ, հեկեկում է գնալիս էլ,
Ձյունը`դժբախտ ու երջանիկ`
գտնելիս էլ

Մի անխոսել տխրությամբ է ու լռությամբ
պատում ձյունը,
Ձյունն անընթեռ մեր նամակն է պատմում, ձյունը,
Ձյունը, կարծեմ, պատմություն է


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Լուսնանկար


Երկնասավան պղտոր, սիրո,
Աստղասերմեր, վիժվածք մթան,
Եվ կիսամերկ լուսին`զոռով
իմ մենավոր ծոցը մտած:

Լուսնի շողեր`դալուկ ձեռքեր,
Կույսի համբույր`աստեղացոլ,
Կաթնեցողանք`վերից ներքև,
Անորդեծին սեր, հեռացող


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Լուռ ու լքյալ ընկել ես դու,
դարակում,
որին չի հասնում նույնիսկ
աղջկաս ամենահաս ձեռքը...
պատանության օրերի իմ ոսկեհունչ դուդուկ:

Իսկ կար ժամանակ,
որ գերում էիր
ու փխրեցնում մարդկանց սրտերը`
բերելով ինձ փառքի դրասանգներ...

Ախ, ինձ ներիր
ինձ ներիր դու-
Իմ գնալուց հետո
Դու կլացես գիտեմ, դուդուկ...


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


***

Դերասան,
հաշտվիր ձեռքերիս անծափ,
դրանք կգրեն քեզ համար նոր դեր....

Դասատու,
վարժվիր անթանաք ձեռքիս,
Եվ, արդ, սովորիր ճերմակ թուղթ լինել...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Գիշերասփռոց`սև, մեռելատան,
Աստղեր` կիսափայլ բաժակներ օղու,
ծամում ենք ցավի միսը անատամ,
Լուսինը`ջարդված ափսե, հին տեղում:

Կյանքը իշոտնուկ վարձակալ, ծեսի,
Մահը`մեծադիր, սևերիզ նկար,
ինչու՞ ծնվեցինք մեռնելու կեսից,
Եվ ինչո՞ւ մեռանք`դեռ աշխարհ չեկած...


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Քո անունը վերնագիր է`
դրախտային ասք-անհունի,
ոչ թե անուն...

Եվ իմ սերը բառի տեղակ
Վերտառվել է քո անունի...

Մինչդեռ, ավաղ
դու այդպես էլ չսերտեցիր իմ անունը,
թե չէ, մի՞թե, քեզ դժվար էր`
չմոոռանալ
լոկ...երեք տառ...
Կամ թե հիշել
մտապահել 
Մեկը գոնե, զի նրանցից երկուսն ա են

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Խորթացել ենք այնպե՜ս,
որ լռում ենք արդեն,
ջո՜կ, առանձին,
եվ միասին...խոսում`
չլսելով իրար,
լռությունը խոսուն...
երազում ենք հեռու,
Եվ առանձին
(ես առանց քեզ, օ՜, զուր,
դու`առանց ինձ...)
եվ միասինլացումտանջո՜ղ, տանջո՜ղ, ձանձի՜ր

Առանձին ենք ճախրում,
Բայց նույն պահին ընկնում անդնդախոր ներքև`
թևաթափված, փխրուն

Խորթացել ենք այնպես,
Որ ապրում ենք մեկտեղ`
Չունենալով հարավ
Ու չվելու տաք տեղ
Բայց մեռնում ենք, էլի, առանձին ու անծես....

Խորթացել ենք այնպես
Ու հարազատ դարձել`
Երջանկության երգի թախծոտ բառերի պես


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Ես ուշ արթնացա,
Երբ դրախտից մնացել էր միայն
Խնձորի կուտը,
Որ խրվել էր ատամներումս

Ես ուշ արթնացա,
Երբ արդեն մորս գրկի մեջ էի
Ու երբ ճիչն այլևս..Երգ էր

Ուշ արթնացա,
Երբ զարթնելիս երկուսն արդեն երեք էր,
և երբ աղջիկս իր գրած ոտանավորներն էր արտասանում:

Ես ուշ արթնացա,
Երբ արդեն մեկնել էր Վենետիկ մեկնող գնացքը
Ու երբ դու հյուրանոցի սենյակիս լոգարանում
Գոլորշապատ հայելու վրա,
թողել էիր հրաժեշտիդ նամակը՝
թա՜ց, թա՜ց, մի ֆրազ
մատնահետքերով՝ Բաաա՜յ….

Ես ուշ արթնացաերջանիկ լինելու համար
Թերևս, հասցրի դժբախտ քնել:


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Տեր
մի զարմացիր,
երբ մարդիկ հլու
վեր են բարձրացնում
իրենց գլխից վեր`
նույնիսկ...մեռածին....
եվ կարևոր չէ`հանցավոր, թե սուրբ...

...քանզի քիչ հետո գետնին կդնեն
ու կիջեցնեն ցած`
սև, ամենակուլ հողափոսի մեջ...

Տեր,
մի զայրացիր,
երբ հուղարկավոր, չարացած մարդիկ
վեր են բարձրացնում
ննջեցյալներին`
աչքդ խոթելու մոլեռանդությամբ,
թե, իբր, նայիր,
նայիր, ի՞նչ եղավ,
հերոսի հետ այս, կամ այս տնանկի,
անմեղի հետ այս
կամ անառակի....

Դու մի զայրանա ու մի առարկիր,
հավասարության նշան է մահը,
ոչ`հավասարում....

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *

Լռությունը տարուբերվում է ծովի երկայնքով.
Ծովի սփրնթած, հիսուսահետք մաշկի վրա`
Լռությունը`
որպես ցանկալի անձկություն
Եվ ավետյաց փախուստ ու հանգրվան`
Կյանք վերնագրված մարդա-կենդանա-բնութենական աղմուկից

Եվ ուրեմն, պետք չէ նետվել ծովախորքն անհագուրդ,
Քանզի լռությունն այնտեղ էլ չէ,
Քանզի հայտնի է,
որ դելֆիններն ու կետերը ինքնասպան են լինում`
ծովընդերքում եղած պայթյուններից,
Սուզանավերի շարժիչների բարձր աղմուկից,
Որի պատճառով խլանում են կենդանիները լռելյայն`
Դուրս նետվելով…:

Եվ ուրեմն, ծովը մաշկահանված լռություն է,
Որտեղ աղ է ցանում հոմո սափիենսը:

Եվ ուրեմն, բոլոր մեռնողների ու ողջերի
Հանդիպավայրը Ծովն է

Եվ ուրեմն, տառապողների արցունքից է գոյացել Ծովն
ու դրանից է թաց այդքան ու աղմկոտ


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


***

Իտալիայում
մեր բաժանումից հետո
բոլոր պիցցաները քո շուրթերի համով են,
Կամ հակառակը....

Իտալիայում
մեր բաժանումից հետո
բոլոր բաժակները դատարկ են...քո աչքերի նման...
Եվ դրանց միջնապատին գինեբծեր են,
եվ եզրերին`շրթներկ...

...Մեր բաժանումից հետո
դու...ավելի շատ ես ինձ կապել քեզ`
իմ`ոչ միայն հացիվ անկշտությամբ ու ծարավով...


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


***

Գիշերները ցած եմ կաթում անկողնու մեջ`
որպես արցունք...

...Եվ այգալույսին գոլորշու պես
ամբարձվում երկինք...

ու չեմ հասցնում, անձրև լինել կարգին
ու...ծիածան...

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Երբ ցուցամատդ հպեցիր քունքիս,
Ես հասկացա
որ դու կարող ես...սպանել ինձ`
առանց ատրճանակի,
Որովհետև երբ արտասանեցիր`
Ես քեզ սիրում եմ,
Չնկատեցի, որ մատներդ դողային,
Եվ ուրեմն դրանք չեն ջղաձգվելու
Կրակելիս,
որովհետև դու ինձ սիրում ես`
Ի ատելություն ուրիշի,
Եվ ուրեմն ինձ սիրելով կամ մարմինս,
հաշվեհարդար ես լինում մի քանի հոգու հետ...

Դրա համար էլ մատներդ համբուրելիս`
վառվում են շուրթերս ու արյունում,
ինչպես...զենքի երկաթե փողի ծայրին հպվելիս...

Դրա համար էլ, ես մեռնում եմ քեզ համար,
Եվ մեռնում եմ քո գրկում...


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *

Հուղարկավոր օրեր,
Եվ հարկավոր օրեր,
Օրեր` ազատ, չքնաղ,
Եվ հանգավոր օրեր:

Օրեր`տեսիլ բախտի,
Օրեր`հուշ դրախտի,
Օրեր` լիրբ ու պառկած 
Շնանալու թախտին

Առաքյալի օրեր,
Առ անկյալի օրեր,
Օրեր`առանց Արա,
Արագալի օրեր


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***

Մնաս բարով, մնաս բարով,
եթե մահից առաջ չենք գտնելու այլ բառ,
եթե մահից առաջ չենք գտնելու այլ բան,
Թե տրված է քայլել մեզ այդ ճանապարհով....

Մնաս բարով, թե մնալու ես դու,
Դու էլ ասա, թեկուզ անսեր բառով,
Ասա, գնաս բարով, գնաս բարով,
Որպես ատելության մի նորօրյա...երդում...


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


***

Մարմինն ու հոգին երկվության մեջ են՝
Որպես մութերի ու լույսի պայքար,
Մերթ հոգեցավ է, մերթ մարմնավեճ է,
Գրոց Նեղ Դուռ է՝ գոց, առանց փական։

Մահը կհաղթի, կհաղթի, այո,
Սակայն ոչ հոգուն՝ Աստվածաբնակ,
Կճամփեն՝ հայացքով ներքև նայող
Մարմնին, բայց ոչ հոգուն բովանդակ։

Ներքև կնայեն՝ ննջեցյալին հեգ,
Ով ինքն է վերից նայելու ցածին,
Եվ երկնից իջած անձրևով բեկբեկ
Խառնվելու է նա մարդկանց լացին։

Հետո կհիշի՝ ամենքն իր ձևով,
Կամ Գնացողին լու՛ռ կմոռանան,
Բայց Նա կքայլի դեպ Տերը՝ ծովով,
Եվ Տերը սիրով կգրկի Նրան...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * * 

Նա եկավ`որպես արեգակ այրող,
Ջերմացրեց մարմինն ու հոգիս կարծես,
Եվ իր անմեկին արեգափայլով
Լույս փռեց ճամփիս նա հրահանդես:
Բայց մերժեց նա ինձ մի թեթև քայլով`
Բերելով հույսի մայրամուտ անծես

Նա եկավ որպես`գիշերալուսին,
Կուրացե՞լ էի արևից, արդեն,
Թե՞ իրոք նվա~զ, նվա~զ էր լույսն իր,
Ում կարող էի տեսնել դեմ առ դեմ
Բայց նա էլ գնաց` իր արցունքն ուսիս,
Բերելով ունայն, աննա լուսադեմ:

Եվ հիմա օրվա ոչնչաժամին,
Երբ ոչ գիշեր է, ոչ էլ առավոտ,
Մտածում եմ, ով՞, ով՞ էր արժանի,
Եվ ո՞վ սիրեց ինձ`թեկուզ հեռավոր:
...Ախ, գուցե, սիրո հարցն է հրաշալի
Եվ ոչ պատասխանըսու~տ, մեղավո~ր


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

...Իսկ կարևորը բառարանը չէ,
Այլ քո ձեռքերը,
որոնք բառերից վերցնում են փոշին...

Իսկ կարևորը անձրևները չեն,
այլ դրանք հղացող փոքրիկ գոլորշին...

Իսկ կարևորը շրթունքները չեն,
Այլ համբույրը տաք....
Եվ կարևոր չեն գիշերներն անքուն,
Եթե չես ծնվել բախտավոր աստղի տակ... 
Ու եթե կույր ես,
Ի՞նչ կարևոր է`ցերեկ, գիշեր է....

...Իսկ կարևորը իմ հիշելը չէ,
Այլ իմ հիշվելն է...


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Մեռելոց է տխուր, չվերջացող ողբով,
Ձյուն է իջնում հանդարտ, հաշտեցնելով ցավին,
Նա անտարբեր ու լուռ չի էլ անցնում կողքով,
Դարմանում է`առանց լալահառաչ ձայնի:

Ձյուն է իջնում`որպես վիրակապեր մաքուր,
Որի վրա արդեն կան արյունի բծեր
Ու քայլում ենք այդպես դեռ կարեվեր, անքուն,
Ու քայլում ենք այդպես...չընդունելով գծեր...

Մեռելոց է տխուր, դատարկվում է բաժակն
Ստամոքսի մեջ մեր ընդարմացած Օրվա,
Մենք խմում ենք ի հուշ հեռացածի անժամ,
Ով խմում է այնտեղ մեր կենացը օյաղ...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***

Երևի, կսիրես, երևի,
Դու մի օր կնայես վերևից,
Արևի պես այն ջերմ ու լուսե,
Եվ գուցե սենյակն իմ...արևվի...


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***

Ձյունն իջնում է, քանզի
չունի բարձրանալու հնար,
զի ամեն բարձրացող աղերսանք ունի
Եվ մաքրվել է ուզում,
դրա համար էլ վեր են պարզվում 
մեր ձեռքերը, հայացքները
Եվ աղոթքները մեր...
Ինչպես ամբարձվող հառաչանքը մեռնողի
Եվ ծաղիկը` ճահիճներից,
Եվ նույնիսկ տատասկն` անջրդի անապատներում,
Իսկ իջնող ամեն բան
հուսահատորեն մաքուր է
ու ներող

Դրա համար էլ 
Նազովրեցին բարձրանում էր Լեռն Աղոթելու,
Ցույց տալով` մաքրվելու պահանջը
դրա համար էլ 

խոնարհվում-իջնում-մաքրում էր...ոտքերն աշակերտների,
Ցույց տալով ներումի հնարավոր լինելը
Եվ դրա համար էլ խաչին բարձրացվածներից
իջեցվեց մարմինը Նրա,
Բայց չհառնեց,
Քանզի Նա վերևում էր վաղուց...

Իսկ մենք չենք իջնում դեպի հողը սև,
Մեզ իջեցնում են

Իսկ մենք չենք գնում երկինքը դեպի,
Այլ տանում են մեզ,
Կամ էլ չեն տանում

Իսկ ձյունն իջնում է ոչ պարտադրաբար
ոչ էլ մեռնելուց հետո,
Նա իջնում է մահվան վրա ու մեր….
Ձյունն իջնում է, քանզի
ինչ լինելու է, պետք է այստեղ լինի,
Զի վերևում չկան էլ հրաշքներ


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *

Սիրելու համար գիշերը քիչ է,
Գիշերը ի՞նչ է սիրո համար,
Գրելու համար ի՞նչ է գրիչը,
Գրելը ճիչ է սիրահմա:

Սիրելու համար բառերը քիչ են,
Բառերը ի՞նչ են սիրո համար,
Մերթ լալագին ու մերթ էլ քրքիջ են,
Եվ ամոքիչ են`սիրահնար:

Սիրելու համարսիրելը քիչ է,
Մի սերը ի՞նչ է սիրո համար,
Սիրտն էլ արցունքի անսահման լիճ է,
Սերն Արարիչ է ու սիրավառ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *

Ոչինչ նոր չէ հիմա, ոչինչ նոր չէ,
Ոչ կգտնեմ նորից, ոչ`կկորչեմ,
Նույն տանջանքն է հիմա` հին, չմաշվող,
Որ վանելու հույսով լոկ անցյալ ենք կոչել:

Ոչինչ հիմա նոր չէ, այս կիրակին,
Եվ նորից չէ, այլև հերթական է, կրկին,
Կամ ինձ գրկիր, գրկիր դու առաջին անգամ,
կամ էլ վերջին անգամ ինձ կրակիր...

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Վերջերգ...

(Լուսնի սոնատի ներքո...)

Բարձր չլացեք, չլացեք, հանդարտ.
Լացը ասում են նոր լաց է բերում,
սրբեք արցունքը ձեր թաց բիբերում,
մեռնելը ցավ չէ, անմահն էանթաղ… 

Կամաց իջեցրեք, իջեցրեք ներքև,
Երկինքն Աստծուն է, այդ հողն էմարդուն,
Դուք ձեր գարունը ցավով մի ներկեք,
Եկողի համար աչք պահեք արթուն:

Եվ հեռանալիս, գնացեք այնպես,
Որ ոչ մի արցունք չմնասառի,
Ես չեմ կորչելու, կարևոր չեմ ես,
ես հողումհողին չեմ հավասարվի

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***

Ամենակարևորը,
չասված է մնում,
Առանց կարդալու այրված նամակի պես,
Վիժած երեխայի...լռության նման,
Հին այգում գտած տերևի հանգույն,,,

Ամենակարևորն անկարևոր է դառնում`
Ինչպես հայացքը` հեռացող գնացքին...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***

Այն օրը,
Երբ դու մանրամասնորեն
Սիրում էիր ինձ,
Շամիրա՜մ,
Չնկատեցիր չնչի՜ն, չնչի՜ն մի մանրուք,
Այն, որ եսմեռած եմ ու որ ես եմԱրան

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***

Քո պատուհանից 
աշխարհը փոքր է
երևում, փոքրիկ,
Դրա համար էլ
Հարցերդ...շատ են,
Իսկ պատուհանիս`
Հազար ու մի ձյուն
Ու փոշեհետքեր,
դրա համար էլ
Ես ինքս հիմա
Չեմ տեսնում հեռուն,
Էլ ուր՞ մնաց, թե 
Քեզ...պատասխանեմ...

դրա համար էլ
Դու մեծանում ես
իսկ ես`փոքրանում...



Комментариев нет:

Отправить комментарий