* * *
Դու ինձ սիրում ես գարնանամուտին,
Ամռանը հիշում, որ դեռ կողքիդ եմ,
Չվում ես սակայն աշնանն իմ մոտից`
Դեպի անձկալի, հեռավոր եդեմ:
Ինձ սիրում էիր երեկ, հուսալի',
Սիրել ես այսօր, մի քանի րոպե,
Վաղն էլ կսիրես`հեռախոսային,
Ու կրկին…մերժում և խոնավ կոպեր:
Դու ինձ սիրել ես, զի մենակ էիր,
Սիրում ես, քանզի սպասում եմ դեռ,
Ու վաղն էլ, եթե դուռս թակեիր,
Քեզ ներս կառնեյի իմ օրաթիթեռ,,,
Դու ինձ սիրում ես: Ես ե՞ մ հորինել,
Թե այդպես է, ա~խ, ո՞վ է իմանում…
Դու ինձ չես սիրում, կամակոր իմ էգ,
Դու միայն սիրո սիրելն ես սիրում…
Մթնեց: Անձրև է: Տես, ցուրտ է դրսում,
Դու իմ ներս արի, տաքացիր, իմ թաց,
Ես կբորբոքեմ բուխարին ներսում,
Կսրբեմ դեմքդ, նրբորեն, կամաց:
Երկար կխոսես, կպատմես երկար՝
Բացելով սիրտդ փակ դռների մեջ,
Ես էլ կլռեմ, որ, Սեր իմ, դեռ կաս,
Կլռեմ, որ դու ուրվագծվես պերճ…
…Մթնեց: Անձրև է: Նույն բանն է արդեն
Մեր ներսում, սակայն ցանկալի այնքան,
Մթնեց, որ լինի ավետյաց եդեմ,
Որ արբունք լինի հավերժաքանքար…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ախ, երջանկություն, երես առած կին,
Շպարված այնքան, որ չճանաչեմ,
Դու միայն արցունք, արցունք`հայացքիս,
Դու տանջող, դու տաք, դու սառը աչեր:
Ախ, երջանկություն, քմահաճ դու էգ,
Անկողնուց փախչող, բայց նամակագիր,
Դու անհատական, անզույգ, անդուետ,
Դու հեռու, հեռու իմ ճակատագիր:
Ախ, երջանկություն, կնակերպարանք,
Դու օձագալար Եվա ու Լիլիթ,
Քեզ տաքացրել եմ իմ կրծքի վրա,
Բայց դու այլ գրկում սողացիր էլի:
Ախ, երջանկություն, երես առած կին,
Դու չծերացող, ծերացնող դու ՆԵ,
Դեռ քանի հոգու կուղարկես անդին,
Ու դեռ քանիսին կժպտաս թունե…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես ձեր աչքերը կբացեմ մի օր...
իմ մասին եղած մոլորությունից
ձերբազատվելու ազնիվ մղումով:
Ես ձեր աչքերը կբացեմ մի օր,
Ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ եմ ես...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Եթե ես մեռնեմ,
ոչինչ չի փոխվի,
գրասեղանս կտնքա մի քիչ ու գրիչս լոկ կլացի շվար...
Ու հետո հաստատ մեկը կգրի`աղջիկս գուցե.
ուրեմն եթե հանկարծ մահանամ`
ես չեմ մեռնելու մի սովորական, իմացած մահով,
պարզապես պիտի գրասեղանս տնքա թախծալի,
կամ էլ աղջիկս կգրի ուրախ...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Սուրճը չի փրկում, չի փրկում նինջը,
Լուրջը չի փրկում, նաև քրքիջը,
Սուտը չի փրկում, չի փրկում Ճիշտը,
Արդարությունը չի փրկում միշտ էլ:
Եսը չի փրկում, չի փրկում Մենքը,
Բացակայում է երբ սիրո հենքը,
Ոխը չի փրկում, չի փրկում սերը,
Վաղը չի փրկում, իսկ ի՞նչ էր երեկ:
Գիրը չի փրկում, չի փրկում խոսքը,
«Բանն ի սկզբանե» կանոնն էլ ոսկե,
Կյանքը չի փրկում, չի փրկում Մահը,
Առավել ևս Երգն ու այս պահը…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Քո շրթներկային, կարմիր ժպիտն
Ու դեմքդ ճերմակ`
Որպես թե սավան`կուսազանցության գիշերից հետո...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Մայր,
միակ բանը որ չեմ կարող անել՝
Քեզ մոտ ետ գալն է....քեզնից սկսվելն է....
Այնպես, ինչպես անհնար է վերադարձնել
բառերը բոլոր՝ հանճարեղ լռությանը...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Իմ գերեզմանին թաքուն կայցելես,
Ոչ լուսաբացը, գիշերը՝ ոչ էլ
չիմանան, որ դու այնքան լացել ես,
քեզ թող երջանիկ, դժբախտ չկոչեն։
Իմ գերեզմանին կայցելես հպա՜րտ,
Առանց ծաղիկի, և նույնիսկ լացի,
Թեև հետմահու մեկ ծաղիկ թշվառ
կարող է ծաղկել քո վերջին թացից։
Իմ գերեզմանին կայցելես մենակ,
Եվ քեզ չթողնես դու հեռանալիս,
Որ առանձնության, ցավի ժամանակ
Չամաչես սիրուց քո անդառնալի....
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ըստ Ամենայնի անսուտ վարկածի`
Աստված քեզ երկնեց իմ կողից կիսատ,
Թե նյութը մեկն էր, կարո՞ղ ես, ասա,
Դու ինչու՞ եղար ինձ հատող կացին…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
...Իսկ ես գիտեի, մատներդ մոմ են,
քանզի իմ գայթող գիշերների մեջ,
դրանք բերել են լուսավոր դարձի,
այրվելով անշեջ, այրվելով անվերջ:
Իսկ ես գիտեի, մատներդ մոմ են,
եվ մոմ են դրանք, հավիտյան ու զոր,
եվ մեղք է դրանց մոտենալն արդեն,
եվ համբուրելը...վերք է արնածոր...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Առաջին տանգոն, առաջին պարը`
Այնպես հուզական ու այնպես նաիվ,
Երբ դեռ չգիտես ձեռքերդ փարել,
Դու քո տարածքի կանոնով, նա`իր:
Ինչի՞ց սկսվեց, ավարտվեց ինչո՞վ,
Առաջին քայլի զգուշավորությամբ,
ինչու՞ է այսքան հայացքը ճնշող,
Եվ խոսքն ինչու՞ է անարժեք ու թանկ:
Առաջին տանգոն, առաջին պարը,
Հորինեք մի երգ` անվերջ, չհատնող,
Թե չէ պարելը նույնքան դժվար է,
Որքան բաժանվելն այս պարից հետո…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ա'յս է, պիտ ապրենք`ինչ էլ պատահի,
ինչ բառել էլ, որ հորինենք սիրուն.
Մեզ հավերժաբար կյանքը չի սիրում,
Անփոխադարձ է և սերը մահի...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Աղջիկս,
երանի այսօր,
բառերի հանդեպ
նույնպիսի հոգատարությամբ
ու ակնածանքով գրվեին բանաստեղծություններս,
որպիսին դու ես տածում՝ հողաթափերս բերելիս...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Այն, ինչ գրեցի թանաքով երեկ,
կարող էր գրվել մինչև իսկ արյամբ,
Իմ նվագն, ահա, կամերային է,
հավելեք, խնդրեմ, ձեր բաժին արիան...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Համբույրն անպիտան ցնցոտի է մի,
Թե նրա ներսում մարմինն է միայն,,,
Համբույրակամուրջ կբերես ի մի
Մարմինն ու հոգին, թե' հույս է ունայն...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Երկար ժամանակ չեմ գրել ոչինչ,
Եվ բառերն արդեն իմ մտեզերքից
Ընկերակցում են աշնանավերջի երամի քոչին:
Եվ բառերն արդեն բառեր չեն միայն,
Եվ որովհետև դրանից առաջ չեն եղել բառեր,
Եվ դուրս են նրանք իրենց վիճակից,
Եվ իզուր է նրանց կաղապարել,
Եվ պետք չէ նրանց կատարելություն`
Լիմենս-Զրոյի...
Բառեր քանդակեմ ես իմ խենթ սիրուն,
Իմ սրտաբանյա նինջ ու գրոհին:
Իսկ դու լավ լավ գիտես, որ այս ամենը ասելու համար,
Բառերն այնքան են հարկավոր դառնում,
Ինչքան որ... պետք չեն....
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես քեզ սիրում եմ, ինչպես կսիրեն
մանկանը կրող որովայն կնոջ,
որ շոշափում են մատներով դողդոջ,
մերկ կոնքերն ի շուրջ, մարմնի ծիրեն:
Ես քեզ սիրում եմ, ինչպես կսիրեն
Առաջին ձյունը, որ շուտ է հալչում,
Ինչպես աչքերդ` իմ իսկ թաց աչում,
Ինչպես կսիրի բնությունն իրեն…
Ես քեզ սիրում եմ, ես քեզ կսիրեմ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Առավոտներս փրկելու համար,
Չիմացա`ինչպես մարտահրավեր նետեցի հենց ինձ,
Եվ ինքս եղա իմ իսկ թշնամին,
Թե թշնամին էլ բարի է լինում…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ի՞նչ հասկացար էս ամենից
Էս ամենից` առանց Ամեն,
Աղոթքներից հնամենի,
Նշխարներից էս անծամել:
Էս աշխարհիկ հրեշտակներից,
Ու վանքերից` առանց խաչեր,
Սեր չունեցող հեշտանքներից,
Աղոթքներից անաղաչել:
Էս աղմկոտ ստեղներից.
Գինիներից անալկոհոլ,
Լույս հոշոտող ստվերներից,
Ստվերներից այս հարկավոր:
Էս անավարտ գիշերներից
մինչ առավոտ` ցավը անանց,
Թող քեզ Տերը քիչ էլ ների,
Մինչ քար նետել զորես կանանց:
2008 թ.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ինձ մի հիշիր… եվ… մոռացիր,
Ինձ մի օրհնիր և..անիծիր...
Ինձ մի ժպտա ու մի լացիր....
Կամ ինձ ապրեցրու կամ էլ...մահացիր
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Սուրբ երրորդություն չենք դառնա, Լիլի՜թ,
Չենք դառնա, Անու՜լ, ես մեղավոր եմ,
Եվ անհնար է ինձ տեղավորել,
քանզի անմեկին մեղքերով եմ լի։
Ձեր նկարի մեջ ավելորդ եղա,
Կամ էլ լոկ նկար՝ հին ալբոմներում,
Ինձ զրո հաշվեք ձեր Մեկ թվերում,
Որ Մեկնակետից ես հայցեմ մեղան։
Սուրբ երրորդություն չենք դառնա. տևեց
մեղքս մի ամբողջ ու չստացված կյանք,
քանզի համատեղ ճախր չունեցանք-
Սեր եռանկյունու վիրավոր թև եմ...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Վաճառական չեմ սիրո և հույզի,
Բայց ձեռքերիս մեջ պահում եմ ճերմակ
Կշռաթաթերդ,
Սերդ նժարում և կարոտներս…
Վաճառական չեմ, բայցև պատրաստ եմ
Վաճառել ամբողջ իմ ունեցվածքը,
Որ իմը լինեն աչքերդ, զիստեր,
Սիրտն ու հոգին քո…տխուր հայացքդ…
Վաճառական չեմ սիրո և հույզի,
Չեմ թերակշռում, սակարկում նաև…
…Միայն թե, ասա, կշեռքիդ թիվը չմոլորեցնի…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Գիշերն ամենից հարմար հագուստն է
Սիրահարների մերկ մարմիններին,,,
Դրախտում, գուցե, գիշեր է եղել..գուցե լոկ գիշեր
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երևաներգ-99
Թե Ռուբիկի ասածի պես
քայլքդ շատ է երերալու,
Օրհնիր նրան, ով անիծեց
սիրահարվես Երևանում:
Թե սատանան կնոջ կերպով
սիրտդ մտնի տարերային,
դու մտմտա պարզ մի ներբող`
սիրահարված Երևանին:
Ես էլ հասա ծերն աշխարհի,
Որ քո աչքին էլ չերևամ,
Հիմա սերն այս հրաշալի
Դու’ նժարիր, ի’մ Երևան…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Էտյուդ`ստեղներին...
Դո, ռե, մի, ֆա,
Դու դեռ միֆ ես,
Դուռը իմ...վերջ..
Սոլ, լյա, սի, դո-
Լույս, լար, սիրտ, դող:
Այլ, լիր սեր` Դու...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու ետ արի,
եթե զղջաս,
վերադարձիր դանդա՜ղ,
անբա՜ռ, անգի՜ր երգվող՝ հանց թեթև...ջազ...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Լավություն արած՝ լեզուս դիմացավ,
Ձեռք մեկնեցին, բայց աշխարհն իմացավ...
Հիմա դրանցից ո՞րն էր լավություն,
Ոչ ոք չհուշեց, ոչ ոք չիմացավ
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Թե Քաղաքում այս հին,
թե այս սիրուն Տան մեջ,
ներսում այսքան անսիրտ,
աղմուկներ կան ու վե՜ճ,
Խոհանոցում որի
արյուն, դանակ, եռուն,
որ պիտ անդարձ կորի
հուշի դարակներում,
Որտեղ չկան բոբիկ
Ոտքի ձայներ, խաղա՜ղ,
Ձյունածաղիկ կոպին՝
Սերեր լուսաշաղախ:
Որտեղ քամին չունի
գաղտնագրված խոստում,
Տագնապներ են չուի,
որտեղ ցավն է խստում,
Չարությունից ինտիմ,
Ցրտում այս անխարույկ
Կամ խուլիգան պիտի
Կամ…լիրբ ծնվես, գարու՜ն…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Երազի պես է օրն իմ իրական,
Ցավի տեսիլ է, անկենդան մարմին,
Արքան փոխվել է և չէ տիրակալ`
Ոչ հեռավորին, ոչ հավատարմին:
Երազի պես է, բայց…վատ երազի…
Իմ գինեքնից կարթնանամ շուտով,
Սևս կփոխվի Լույսի տարազի.
Հարություն կառնեմ Նուարդիս շուրթով…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Եվ ի՞նչ է կյանքը, մի սառած կոֆե,
Որ դժկամությամբ ըմպում ենք մեկ մեկ,
որն իր քաղցրությամբ անգամ չթովեց,
եվ իր դառնությամբ մրուրվեց անբեկ։
Եվ ի՞նչ է կյանքը, սու՞րճ է հարկավոր,
որ ընկերաբար խմում ենք հաճախ,
զուր բթացնելով մահը անկանոն՝
որպես մոտալուտ ննջում մի անչար։
Մեր սևաջուրը կշրջեն հետո,
իբր գուշակած դառնաքաղցրը մեր,
բայց կյանքը սուրճ է, և սուրճ է եթե,
ինչու՞ երեսին, գոնե, չկա սեր...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Հոկտեմբերի քսանյոթ, հոկտեմբերի քսանյոթ,
Մորմոքում է քամին ականջներիս խորքում,
Մղձավանջ է, չկա երանելի խոր քուն,
Ավերակված ոգի, ներսի փլվածք, անօդ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
...Հետո` բաժանում, անխուսափ, անկամ…
Եվ ի՞նչ է կյանքը`հրաժեշտ ու ցավ,
Կամ հանդիպումի կարճատև կանգառ`
Հրաժեշտ տալու…անհրաժեշտությամբ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ժամանակն անգութ խփում է դեմքիս,
Կամ, ինչ եմ ասում, գուցե թե` մեջքիս
Զգացողությու՞նս եմ կորցրել, արդյոք,
Թե՞ ժամանակն է շուրջպարում կողքիս:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Աշնանային դիպված
Հոկտեմբերյան ուրբաթ, անարտառոց, անքեզ,
Աշնան այգի, որ նույն դրախտն է ցուրտ,
Մի պառաված թռչուն իմ երազն է կտցում,
Մի պառաված օրիորդ աչքերով ինձ գրկեց:
Աշնանային դիպված, որ մեկ հերոս չունի,
Տերևաթափ հույսի, բաժանումներ ու լաց,
Երջանկությու՛ն, իմ հա՛վք, պատրաստվում ես չուի՞,
Ակնկալե՞մ հաջորդ, վերջին մի վերադարձ:
Հոկտեմբերյան քամի, հարբուխ, անձրև, երկինք,
Տարաժամ է արդեն, իրիկնային հառաչ.
-Ես ուզում եմ գնալ, բաց կթողնե՞ք գրկից,-
Նա միամիտ խոսեց հրաժեշտից առաջ…
------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ես բոլոր, բոլոր, բոլոր շորերիդ
Գույնները գիտեմ, անգիրել եմ կույր...
Դրանք այլևս հանդերձանք չեն, լոկ..
Քո հեռացումի, բաժանումի մեջ
Դարձել են դրանք մի ներկայացման փակվող վարագույր...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Մինչև ես պոեմներ էի ձոնում քեզ,
Դու ապահովագրում էիր բառերդ
Ավելորդ
Պատասխանատվությունից…
----------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Աչքերդ սև են,
Սրճահատիկ,
Թմբի՞ր է, սե՞ր է,
Տուր, ազատիր:
Հայացքս խորն է,
(Ներսդ նայիր),
Քո թագավորն եմ՝
Մի ծառայիր…
------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ես հեռանում եմ գնացքի վերջին վագոնի նման,
Որի մեջ ավաղ էլ ոչ ոք չկա,
Եվ հեռանում եմ ես ճանապարհող չունեցողի պես...
Բայց իմ երջանիկ լացածիծաղով
Հավաստում եմ սուտ, հին մի տեսություն
(Կամ հերքում գուցե),
Թե ծիծաղում է միգուցե լոկ ՆԱ, ով ծիծաղում է ամենավերջում...
Եվ, ահա, այդպես հեռանում եմ ես`
Ձեզ պահած, սակայն, իմ գրքի էջում...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Քեզ այնքան կոչեցի ծաղիկ,
Որ իմ գարուններում
Դու ձեռք ես բերել…բուսական հատկանիշ.
քեզնով կարել է լոկ զմայվել, իսկ պոկելը`մեղք է…
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երազ, որ տեսնում եմ…արթնանալուց հետո…
Աստված իմ,
Նորից քեզ մոտ եմ գալիս…հողաթափերով.
Եվ ինձ թվում էր բարձրահարկն այն հին,
Ուր բնակվում են երջանիկները և հիմարները միաժամանակ,
Թե յոթհարկանի
Շենքն այդ երկնքի մի անկյունում է…
Եթե այդպես է, ուրեմն, ասա,
Քանի՞ երկինք կա
Եվ յոթերորդը որքա՞ն է հեռու քո տնից, Աստված…
Ես մոռացել եմ, ո՞ր դուռը թակեմ,
Ո՞ր հարկ բարձրանամ,
Ինչպե՞ս բարձրանամ, որ…չընկնեմ ներքև…
ՉԵՄ ՈՒԶՈՒՄ լինել ներքևի աստված,
Քեզ մոտ եմ եկել:
Ընդառաջ արի՝ չէ՞ որ քայլում ես ծովերի վրա,
Ինձ սովորեցրու քայլել երկնքով…
Ինձ սովորեցրու պարզապես…քայլել
Երեխայի պես, ամենասկզբից:
Ինքնուրույն սակայն և առանց հենակ:
Ախ,
Երկնաբնակ,
Քո կացարանում
Քնելու տեղ տուր…երազխաբվածիս,
Հոգեվարողիս ապրելու տեղ տուր,
Ու ներս առ դու ինձ որպես ուղևոր,
ուղևոր թրջված,
Իմ հասցեն մեկն է՝ ԵՐԿԻՆՔՆ Է, Աստված,
Որը կանգառ չէ, այլ ՍԻՐՈ հասցե…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Չդիմացավ հոգիս երջանկության ափին,
Չդիմացավ նրա տաքությանը, տապին,
Ախր սառել էի` սպասելով գալուդ,
Չդիմացա, ավաղ, երջանկության թափին,,,
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Եթե ուզում ես ցավս իմանալ,
Ես չեմ խոսելու,
Չեմ գրի ոչինչ…
Պարզապես մի օր
Երկա՜ր կնայեմ քո աչքերի մեջ,
Երկա՜ր կլռեմ աչքերիդ մասին
Երկա՜ր խոսելով իմ ցաված աչքով…
Ախ, թե ուզում ես
Ցավս իմանալ.
(ասում եմ ցավս, բայց տվածն է քո),
Բայց ինչպե՞ս, ասա, պիտ հալվի ներսդ,
Երբ ծիածանի գույներից բոլոր
Դու նախընտրեցիր միայն կարմիրը,
Չէ՜, ի՞նչ եմ ասում,
Սևը սիրեցիր-սիրադարձեցիր…
Եթե ուզում ես ցավս իմանալ, ես կարտաշնչեմ հոգիդ, մարմինդ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Արա Գեղեցիկ, Արա Գեղեցիկ՝
Իմ սիրահալած, իմ նախահայրը,
Ես էլ մեռնելով՝ սիրո, ապրումի խորհուրդ պեղեցի,
…Գեղեցկությունն էլ, ասում են, պիտի փրկի աշխարհը:
Բայց ասա ինձ, ո՞վ պիտ փրկազատի
Հենց գեղեցիկին՝ գեղեցկի համար,
Եվ ի՞նչ է, ասա, ցոլանք չէ՞ պատիր
Գեղեցկությունը՝ անիմաստ մի բառ:
…Ասում են՝
ագռավն ապրում է զույգով
Եվ հավատարիմ
մինչև կյանքի վերջ,
(Թեև ամենից գեղեցիկը չէ
Թևավորների ընտանիքի մեջ),
…Ուրեմն ասա, նախահայր ՍԻՐՈՒՆ,
Ո՞րն է երջանիկ սիրո գաղտնիքը,
Այն, որ գեղեցիկ սիրո՞վ են սիրում,
Թե՞ այն, որ սիրի քեզ…Գեղեցիկը….
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Աշուն-Հիվանդանոց
Հիվանդասենյակ: Ինձ մոտ իջած քույր:
Թափթփված իրեր, դեղաբույր, ամա:
Նկարներ՝ կախված դեղին միջանցքում՝
Հիվանդի ցավը մեղմելու համար:
-Այս դեղն էլ պիտի ընդունեք այսօր-
Մատներն ավելի բուժիչ են նրա,
Բայց ակնթարթը ցնդում է հազով,
Որ ստիպում է ցավատանջ նռալ:
Եվ աշնանային հիվանդանոցում
Լոկ քամին է ինձ տեսակցում հաճախ,
Գնացին ամենքն ու զուր եմ կոծում,
Ի՞նչ է ծաղիկն էլ արցունքից աճած:
Նրանք չեն լքել. սենյակում խաղաղ
Մանգաղավորին սպասում են դեռ,
Քանզի հիվանդ է, մրսում է քաղաքն,
Ուր մարմինն է լոկ թագավոր ու տեր…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Քանի՜ բառ է երջանկացել պոետական վսեմ երգում,
Քանի՜ բառ է գտել բառին, բառակերպվել (բառի երկունք),
Սակայն քանի բառ է կորչել՝ սպասելով Հանճարներին,
Եվ քանիսը լուռ կեղեքվել զազրախոսի պարապ ձեռքում…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես այդպես էլ գիտեի,
Որ դու բառ ես մնալու,
Որ նոր բառ ես դառնալու.
(որին պիտի ցիտեի):
Քեզ ՀՐԵՇՏԱԿ կոչեցի,
ՏԱԿՆ ի՞նչ մնաց՝ լոկ…ՀՐԵՇ,
Թռիչքներդ երկնուղեշ
Մոլորեցրին, խոցեցին…
Եվա, Լիլիթ ու էլի,
Նույն է՝ ցավով մնայուն…
…Ախ, ես վաղուց գիտեի,
Որ դու բառ ես մնալու:
--------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ինձ ասա,
Հիսուս,
Ո՞րն է ավելի գերադասելի,
Ապրելու սե՞րը,
թե՞ սիրո ապրումն այնքան սիրասուն…
…Ասա, չէ՞ որ դու իմ տարեկիցն ես,
Ինձ կհասկանաս…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Արցունքը, արցունքը կլոր է,
Կլոր է երկիրը նաև,
Լացել ես: Լացել եմ: Բոլորը
Լացել են՝ առանց խնայել:
Երկիրը, երկիրը կլոր է,
Հեռու ես: Այստեղ եմ: Կգա:
Ես օրն ու արցունքը գլորեմ,
Չթողնեմ անցյալն հեկեկա:
Արցունքը կլոր է, երկի՛րը,
Եվ քո որովայնն էլ արդեն,
Բայց զուր է, անզոր է «Փրկիրը…»,
Երբ մեզ վրա մեղք ես բարդել…
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Գարունները եկան՝
Էս անգարուն դարում,
Երազեցի, սակայն
Չեղա մի կենտ գարուն։
Գարունները հերթով
Կհաջորդեն իրար,
Իմ տողերը հետո
Ախ,կանձրևեն վարար։
...Գարունները կգան՝
ծիածանված ցավիս-
Ես գարունը կզգամ
Իր գնալու ձայնից...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Անկողնու՝ իմ հատվածում՝
Թաց է ավելի, անվերմակ է ու ցուրտ,
Մեր դիմանկարի՝ իմ այտն ավելի է կարմիր է,
Քանզի քրիստոնեաբար հանդուրժել եմ ապտակը թշնամուս,
Մեր սիրո՝ իմ մասում բացառված է մարմինը,
Թղթի՝ իմ գրած երեսին ...արցունքներ են ու լույս, փայլ են։
...Այս երգի՝ քո մասում՝ Դու, ինչպես միշտ, Կատարյալ ես....
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հռչակագիր կամ դամբանական՝ No 28.05.13
Ամեն Աստծո Օր փսխում է մեզ՝
որպես անմարս ու ոչ հոգևոր սնունդ,
եվ միայն շներն են մեզ լիզում՝
քեֆերից հետո բակ շպրտված միսուոսկորի հանգույն....
Եվ միայն շներն են մեզ հավատարիմ,
քանզի շնացել ենք ամենքս վաղուց...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ՆԱԽԱԲԱՆ ՎԵՐՋԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ
Թրծիր ինձ, Լիլիթ,
Քո կրակե շոյանքներով,
ՄԻնչև կավե ուշաթափություն,
Մինչև հոգելիության ճաք...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երկրագունդ, իմ հեգ, իգական սեռի,
այնքան գեղեցիկ որովայն կնոջ,
Դու հղի, կծկուն ու համբերատար,
Դու ցավագալար, ուժեղ ու դողդոջ...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ճերմակ թղթերին զգույշ մոտեցեք,
Նրանք արտաքին կեղևն են հոգու,
Նրանց ծառերից ցավով են պոկում,
Հեռու եղեք, թե հոգին խորթ է ձեզ:
Մի անցեք նրանց սահմանը նրբին,
Մի կուսազանցեք, թե չի ծնվում Խոսք,
Որպես թե մանուկ, մանուկ բարեխոս՝
Հոգու սուրհանդակ երկնային Սրբի:
Սիրով մոտեցեք Ճերմակ թղթերին,
Թող ձեռքը լինի Հանճարի լեզու,
Որ միայն, միայն Սե՜ր է քարոզում,
Որպես ճերմակին սև անխախտելի…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ախ, աշուն է հիմա, դեղինների շրջան,
Ես չգիտեմ` տերև արցունքս ում է պետք,
Ես չգիտեմ ինչու, ինչպես և ինչ զղջալ
Եվ հանում եմ թախիծն`արդեն մաշված մեբել:
Ախ, աշուն է հիմա, անձրևների աղոթք,
Պատարագ է հուշի և խնկարկում սիրո,
Հեռաստան է անկին, անմխիթար, աղոտ,
Ախ, աշուն է հիմա, ախ աշուն է իրոք...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես մահվան ծռված, տխուր ժպիտն եմ
Կյանքի երեսին.
Եվ կյանքի խզված երգն անլսելի`մահվան ժխորում…
Ախ, դու պետք չեկար նրանց երկուսին,
Իզու~ր ես խորհում…
------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես ուզում եմ լուսամփոփիդ լույսը դառնալ,
Որ այլ լույսի ներքո նայես դու իրերին,
Որ քո սիրտը չցավեցնի սիրելիին,
Թեկուզ հաճախ ցավեցրել է՝ հոգիդ խառնած…
Գիտեմ, որ ես դառնությամբ եմ սիրտդ լիել,
Որ խավարում աստղ եղա ու քեզ օտար,
Բայց ուզում եմ լուսամփոփիդ լույսը լինել-
Չջերմացրի~, գոնե…ցրեմ մութը քո տան…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու...ինձ չես սիրում...
ես գիտեմ.
ուղղակի
իմ թմբի վրա...ծաղկում ես...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ախ աշուն, ախ աշուն,
Մոխրաման իմ դեղին,
Մահաբեր, մահաշունչ՝
Հազերով անտեղի…
Կիսայրված հուշագիրք՝
Սրտերի մխացող,
Հանդերձով գուշակի,
Կույսի պես…նեղացող…
Ախ աշուն, ախ աշուն,
Սիրահար, ավազակ,
Մերթ սեր ես փաղաքշուն,
Ու մերթ՝ ցավ այլազան:
Ծոցատետր մաշված,
Ու տիրոջ դալուկ Դեմք,
Դու ուժեղ ու թշվառ,
Դու…աշուն հատուկենտ…
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ախ ինձ կորցրի և ինչ գտա ես
Բառերդ կորան, երբ ես գտա քեզ,
Ես ինձ կորցրի քո երկչոտ …բառից,
Բառն իրեն կորցրեց (պետք չէ կատակել)
Ես պահը գտա, որ կանչեմ պարի…
Մարմինը կորավ, երբ սիրտը գտա,
Սիրտը կորցրեց ռիթմերը սահուն,
Երբ ինձ կորցրի ու սիրտդ մտա`
Պարի անծանոթ, անհայտ սրահում:
Վայելքի ծովում կորավ թախիծը,
Ցավը որոնեց հարկավոր ելքեր,
Դրսի, թե հոգու աղաղակից էր,
Որ գտնվածը չստացվեց երգել:
Ես քեզ կորցրի, երբ գտա ես ինձ,
Քեզ տարար ու դեռ ինձ էլ կտանես,
Հիմա չգիտեմ այս խաղի կեսին,
Ախ ինձ կորցրի և ինչ գտա ես…
Նա ծանր է ավելի, քան մարմինդ վաղնջական…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Այն հայելին, ավաղ չկա, այն հայելին,
Որի մեջ տեղավորել էի
Մեր մերկությունը,
Հայելին այն, որտեղ հանկարծ ետ նայելիս
Տեսնում էիր եդեմական հանդերձանքը…
Ես սիրո անձրևներից առաջ
Դեգերում էի քարանձավիդ մերձակայքում`
Ու հետո, դանդաղ, նախամարդու իմ նիզակով
Ներթափանցում թաքստարանդ մութ,
Որտեղ արդեն մեր աչքերի հայելիների մեջ
Տեղավորում էի մերկությունը մեր գիշերանախշ,
Մերկությունը գիշերաշոր…
Երջանիկները հայելի չունեն…երջանիկները ուղիղ չեն նայում…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Սիրո պահին դու իզուր ես տնտղում մարմինն իմ ցասկոտ,
Եվ իզուր են սակարկում ու համրանք,
Քանզի եդեմական ժամանակներից այս կողմ,
Մարմինս քեզ է տրվում՝ որպես…վերավաճառված ապրանք…
Սիրո պահին ես տնտղում եմ քո հոգին,
Որ, ասում են, երեսուն գրամ էլ չկա,
Եթե այդպես է, ինչու՞, ինչու՞ օ , Կին,
Նա ծանր է ավելի, քան մարմինդ վաղնջական…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Քո նկարներում ամենատխուր նկարն եմ ես քո,
Սև ու սպիտակն եմ, մոռացվածը քո, փոշում կորածն եմ,
Չեմ դերասանել ու չեմ բնորդել՝ հրատապ տեսքով,
Այո տխուրն եմ, սակայն, սիրելիս, քո…նկարածն եմ…
Քո երգերի մեջ ամենատխուր երգն եմ, ես գիտեմ,
Ընդհատվողն եմ ես, ձայնապնակն եմ խունացած ու հին,
Որ հիշողության անտես դարակում մի կողմ ես նետել,
Տխուրն եմ, սակայն նա, որ չես երգի հաստատ ամենքին:
Քո սերերի մեջ ամենատխուր սերն եմ, երևի,
Եվ ամենասեր տխրությունն եմ քո, ո՞վ գիտե, իմ լաց,
Ես համաձայն եմ տխրահռչակի բազում դերերին,
Միայն թե մնամ քո հին նկարը և քո երգն անդարձ…
Комментариев нет:
Отправить комментарий