Բանաստեղծություններ 12

***
Թողնե՞լ աշխարհը, թե՞ հապաղել,
Երբ որ հոգին է ճապաղել.
Երջանկության Ձեր նկարին՝
Ես մի բարա՜կ, սև՜ ժապավեն

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***
Ասում են, թե երկու երնեկ, որ անվեճ է,
ախ չի լինում, ախ, չի լինում մի տեղում,
Դրա համար քո սիրտն արդեն սրտիս մեջ է,
Իսկ իմ սիրտը`քո ոտքի տակ, անսիրտ հողում....

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***
Իմ տված հացը
չուրացած
մի ճնճղուկ,
որ մերժել է չվածներին
ու եդեմները նրանց`տաք հարավ...
որ մնացել է դեռ չորացած,
մի ծեղ
հացի անհամ...հույսին,
եկավ նստեց ափիս.
-
Քեզ եմ տալիս,ահա,
իմ թևերը,-ասեց,-Պոետ.
Երազում ես թռչել...

...
Ու հասկացա, որ թռչելու համար
Թևեր, բնավ, պետք չեն

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հեշտ են հանդիպում, բաժանվում՝ անցավ,
զի շատ են նրանք, որոնց հետ այնպես
կարող ես մտնել անկողին անձայն,
բայց քիչ են, ում հետ արթնանալ կուզես...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Խոսելուց առաջ, հիշե՜ք, որ պիտի նոր մանուկ ծնվի,
այնպես մի արեք,
որ նա էլ գժվի աղմուկից այս չար,
ձայնից, քաոսից...

Խոսելուց առաջ, հիշե՜ք, որ պիտի սովորի խոսել,
Ձեր նման ու իր...այլ ոչ թե..ճչալ

Գուցե, նա՞ լինի Փրկիչը նորեկ...
Գուցե, նա՞ Երկնում մեր տեղակ խոսի...

Խոսելուց առաջ, վերջապես հիշեք
լռության մասին...

Բայց այնպե՜ս լռեք,
Որ լռությունը...ամեն ինչ ասի...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Մինչև սովորես անունս սիրել,
Կասեղնագործեմ անունդ սրտիս,
մինչև սովորես անունս գրել,
ձեռքերս պիտի մահանան ցրտից...
մինչև սովորես...սեր չսովորել,
Ես քեզ կսիրեմ, իրավ, ոչ ստից...


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Մարդ չգիտի` այգաբացվի՞ քո գրկի մեջ,
Թե՞ լուսանա...
Մարդ չգիտի` արև դառնա հրով անշեջ,
Թե՞ լուսնանա...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Աչքն արտասվում է հոգու փոխարեն,
Հոգին չի փակվում աչքի պես երբեք,
Քնով չի ընկնում, և արթուն է հեգ,
Աչքն արտասվում է հոգու փոխարեն:

Հոգին տեսնում է աչքից էլ անդին,
Այն, ինչ չի եղել, կամ չի երևում,
Այն, ինչ կլինի մի օր վերևում,
Հոգին տեսնում է աչքից էլ անդին:

Չէ՜, աչքերը չեն հայելին հոգու,
Ես այնտեղ չկամ, աչերիդ մեջ եմ,
Արտացոլումը որքան էլ պերճ է,
Ա՜խ, աչքերը չեն հայելին հոգու

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Ուրեմն պետք է ոսկեգինլռել,
Եթե բառերը դարձել են դրամ,
Ես քո բառերը հենց քեզ էլ կտամ,
Չեմ ուզում դրանք մարմնիս կրել:

Ուրեմն պետք է փակվել բառերում,
Եվ բացել ներսից դռները բառի,
Որ չշվարի հոգիդ դռներում
Երբ մի օր ետ գաս, հրեշտակ բարի:

Ուրեմն պետք էմատնահե՜տք դառնալ,
Մոր հոգո՜ց, մանկան քնի հև՜ք, ծաղի՜կ,
Ոչ թե բառերի աշխարհը խառնած՝
Հոգին սակարկել մե՜ծ առուծախին:

Ուրեմն պետք է լոկ բառ չլինել,
Թեև ամեն ինչ կոչել ենք բառով,
Եվ պետք է, պետք էգրալի լռել,
Եվ գնալ անբառԲառ-ճանապարհով

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Շրջազգեստիդ պես կարճ է համբույրդ,
Ու բաժանումդմազիդ պես երկար,
Քո սերը համակ խաղ-հրապույր է,
Տարբեր շորերով ասք, շարժանկար:

Դու լա՜վ ես խաղում քո միակ դերը,
Ես արտասվում եմ ու մերթ էլ՝ խնդում,
Եվ կրկնում եմ ինքս ինձ՝ տե՞ր ես,
Որդյա՜կ իմ, տե՞ր եսայս շորե մարդուն

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Հին տարին կարճ է ու մի քիչ մաշված
Հին շալվարի պես,
որ տանն ես հագնում...

Բայց նոր տարին էլ չի նստում վրադ
Վարտիքի պես նոր,
Ու կաշկանդում է մի տեսակ նա քեզ...
Նա նոր է, սակայն չի էլ գրավում,
քանզի անդերձակ ու
աններդաշնակ
Պարտադրել են քեզ,
թե բա՜ ամբոխը հանկարծ չտեսնի,
Ու չծիծաղի քո վրա հանկարծ,
Որ աղքատ ես դու...թեկուզև շորից...

Եվ որոշում ես քո վրա քաշել
այն հինը նորից,
Հարազատ հինը, թեկուզ խունացած ու անհրապույր...

Ինչու՞ է այդպես,
Շարունակաբար
Ու անհուսորեն նորն ենք երազում,
Բայց ավելի շատ....
մեզ հինն է սազում...


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Գիշերը սառած, սառած սուրճն է քո,
Քունս չի տանում, խմելուց, կարծե՜ս,
Աստղերն էլ, գիտեմ, թխել ես ձեռքով,
Կախորժեմ, թեև չեմ սիրում քաղցր...

Լուսինը՝ սառած, սառած հայացքդ,
Քունս չի տանում, սիրելուց, կարծե՜ս,
Ա՜խ, կարոտների թափառ գնացքն էլ
Կսահի քո տան ետևով, անծես...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Կդադարես մի օր տրոփելուց, իմ սիրտ,
Կդադարես լինել ուրիշներին լապտեր,
Ամեն սիրո ցավից արտասվահյուծ կապտել,
Բայց քարոզել անվերջ տածումները լույսի...

Կդադարես, մի օր, անդառնալի, անզարկ,
եվ կդառնաս սառչուն դու մարմնի կտոր,
Բայց առանց քեզ, իրավ, չէ, չէր լինի անսալ
Ազդականչը Տիրոջ, սեպել կյանքի հատոր...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Երջանկությունը չափազանց կարճ է,
Մի ժպիտի չափ,
Մանկական ափի,
Շրջազգեստի պես գիշերալրբի,
Հանց թիթեռի կյանք,
Հրաժեշտի համբույր,
Ձմեռային օր,
Սրտի նման՝ բյուր սիրո զարդատուփ,
Մոր բարկության չափ,
Եվ Նազովրեցու մորուքի հանգույն...
Երջանկությունը կարճ է, ա՜խ, կույրիտեսողության պես,
Այս ամենի դեմ որ աչք է փակում

Ուրեմն, ասեք, ո՞րն է էական,
Այն, որ կուրորեն չենք էլ տեսանում երջանկությու՞նը,
Թե՞ երջանիկ ենք, որ կույր ենք այսքան

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Չէ՜, դու մեղավոր չես, Անկարելիս,
Այդ ես եմ, գուցե, որ այն չեմ եղել,
Չափից ավելի բառեր եմ հեղել,
Բառեր եմ պեղել սրտիդքարերից

Չէ՜, դու մեղավոր չես, Անբառելիս,
Այդ ես եմ, գուցե, որ քեզ եմ սիրել,
բացել եմ չեղած երազ ու ծիրեր,
Ու տենչացել եմ քեզ, անփարելի:

Չէ՜, դու մեղավոր չես, Նկար Սիրուն,
Այդ ես եմ, որ հենց քեզ եմ նկարել,
Որ տաք ափերս քեզ եմ երկարել,
Ես եմ մեղավոր, որ քեզ եմ սիրում

Չէ՜, դու մեղավոր չես, իմ Հրեշտակ,
Որ լուսեպսակ ունես ու թևեր,
Բայց լույսդ ցոլաց...իմ խավարի տակ,
Դու մեղավոր չես՝ մութս կյանք տևեց...

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***
Շնորհակալ եմ, որ կաս,
Թեկուզ հեռու՜, անի՜նձ,
Թեկուզ որպես թախիծ՝
Ինձ ցավեցնող որքա՜ն

Շնորհակալ եմ, օրհնա՜ծ,
Հիշեցնում եսսրտիս,
Որ մրուրը սրբի
Ու որ ծաղկի Օրն այս,

Այգաբացվի հույսով,
Հանդիպումի՝ թեև
Պատահական, անտև,
Բայց մթի դեմ՝ լույսով:

Ապրե՜ս, որ կաս, կա՜ս Դու,
Որ գնալուց առաջ,
Թեկուզ ձեռքով սառած
Պարգևում ես կազդույր

Շնորհակալ եմ, որ Կաս:
Սպանում ես, դե ինչ,
Բայց չեմ կոչի դահիճ,
Որ դու մահըչզգա՜ս

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***
Ձյունը եկավ արցունքիդ պես
ուշուտ հալչեց,
Կեղծ էր քանզի,
Ձյունը եկավ ու չնստեց սրտիս վրասիրուդ նման,
Քանզի այն չէ՜ր

Ձյունը եկավ նամակիս պես,
Խոստովանանք, լացիս հանգույն,
Ու փշրվե՜ց՝
Քո քարեղեն հայացքի մեջ
Քանզի սերը ցուցանակ էր քո մարմնե, ցուրտ քաղաքում

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Ազատ չեղա ես, չեղա, որ ժպտամ,
Մթնեցին`ինչու՞ չեմ լացում էլի,
Եվ ուրախացան իմ խցով մթար,
Եվ այն ժամանակ, երբ ցածում էի:

Ազատ չեղա ես, կլինեմ գուցե,
Երբ Աստված կանչի, վաղը, մի ժամից,
Որ ես ազատ եմ`ձեզ կապացուցեմ
Իմ ազատ….անկմամբմեր պատշգամբից

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ի՞նչ տարբերություն....

Մարմինս կերար`հանց պագշոտ ուրու,
Եվ չեղավ հոգիս սերդ, հույսդ կենտ,
Քեզ ախորժեցի ծաղկի պես բուրուն,
Դու մսակեր ես, իսկ ես բուսակեր...

Հիմա, երբ արդեն ապրում ենք բաժան,
Ի՞նչ տարբերություն, թե ո՞վ մեզանից
Իր ցանկության մեջ անսեր է, դաժան,
Եվ ո՞վ է գազան կամ զոհ գազանի...

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Սերը չի հատնում, չի հատնում, այլ նա
Դառնում է, ախ, Լույս, պաշտումի ԲԱԳԻՆ,
ՆԱ դառնում է հույս` Արևածագի,
Նա բողբողջում է հանց ծաղիկ գարնան:

Սերը չի հատնում, չի հատնում երբեք,
Ինչպես չի կորչում Սերմը ծաղիկի,
Ինչպես չի անցնում զարկը երակի,
Եվ ինչպես Լույսի տվայտումը հեգ:

Սերը չի հատնում, չի հատնում Սերը,
Ինչպես ծովերից հետքը Փրկիչի,
Ինչպես մատնահետք ու հետք Գրիչի,
Հանց Լուսին զատող կարևոր սևը...

Սերը չի հատնում... ու եթե գնաս,
Հեռանաս ինձնից`սերը կհիշի,
Նա չի մոռանա, զի մեկ ուրիշին
պատահմամբ պիտի իմ անունը տաս...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 

Աստվածաշնչառություն

Առավոտից մինչ գիշեր
Իմ պարանն է հյուսվում ամուր,
Ախ, մի քայլ էլ մնաց, քիչ էլ,
Կամ էլթռիչք պատշգամբում:

Ես մարմնից ինչպե՞ս փախչեմ,
Որ շնչել է այսքան բացիլ,
Որ թույներ է արտաշնչել՝
Շրթներկագույն այգաբացին

Որ ճաքել է՝ մեղսասափոր՝
Կնոջ շնչից պաղ ու տաքուկ,
Թափառել է ու սարսափով
Դատաստանին սպասել թաքուն:

Կամ եղել է ռոյալ ճերմակ,
Նվագել են աստված ու լիրբ,
Բայց մեղեդին, լադը չեմ այն,
Որ երջանիկ խենթը սուլի:

Ախ, մարմինս՝ լայն հայելի,
Զմայլվեցինբայց իրենցով-
Ե՜ս մնացի անբայելին,
Եվ անշարժը՝ մենալացող:

Ցավեց հոգիսխլաճի՜չ էր,
Չհասկացան գիրս, ավաղ
Առավոտը դարձավ գիշեր
Եվ պարանը կանչեց խաղաղ.

Իսկ ի՞նչ, եթե առանց մարմին
Հոգեհանդերձ ու մերկ լինեմ,
Աստվածային օդը առմիշտ
Շնչեմ, շնչեմ ու երգ լինեմ….

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***
Երկուսս նման ենք իրար,
Մի բանում, հաստատ,
դու մաքրում ես շարունակ ափսեները,
ինչպես ես շուրթերս, երբ...ուշանում եմ մի քիչ...
Դու բաժակներն ես լվանում,
Ես աչքերս...ուրիշից...
Եվ երկուսս էլ միատեսակ դժբախտ ենք...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Մի քանի րոպե աչք փակիր,Հիսուս,
Ես գնամ, գնամ տաք վերմակ բերեմ,
Հոգնած կլինես ու մրսած գուցե,
Դու բնակվում ես տանիքից վերև:

Մի քանի րոպե հանգիստ առ, Հիսուս,
Մոռացիր ցածին մի քանի րոպե,
Մինչև սովորենք քեզ սիրել կարգին,
Եվ քո գնալուց դուռը չկողպել:

Մի քանի րոպե աչք փակիր, ՀԻսուս.
Մարմի՞նն է, ասա, հոգնում ավելի,
Թե՞ հոգին, հոգին, որ տեսանում է
Եվ անցնում միջով մարդացավերի

Ու կյանքի, որ հին պչրուհու նման
Փոխում է միայն հանդերձանք, նորից...
...
Մի քանի րոպե աչք փակիր, Հիսուս,
Թե չէ վերմակս չի տաքացնի ինձ...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Ամենքն ասին, քո գրածը արցունքոտ է, թաց է միշտ,
Նույնիսկ անգութ մարդու սրտից քամող հույզի լաց է միշտ,
Այդ է, քանզի տունս վաղուց երկնահասցե տաճարում է,
Դրանից է, որ հյուրընկալ ու մարդաշատ բաց է միշտ...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***
Երբ ծխախոտդ հատնեց,
Դու ծխեցիր մատներս,
Ծխեցիր մինչ հատնելս,
Չէ՞ որ չկան լոկ մատներ...

Երբ սպառվեց քո օղին,
Դու կոնծեցիր շուրթերս,
ալկոհոլված շերտերս,
Ինձ խելքի գալ չթողիր:

Հիմա, երբ դու գնացիր,
Ես չգիտեմ, թե ով եմ,
Դեռ քո կիսատ ծխով եմ,
Ու նման եմ խմածիդ...

Բայց դե կգաս, կգաս ետ,
Բայց դե դուռս կթակես,
Ավելի շուտ կթարգես,
քան կփոխես մեկի հետ...

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Տաճար մտնելիս` ձեր մոմը դարձա,
ինքնահատությամբ լույս տվի ու ջերմ,
Բայց մթնում մենակ մնացի դարձյալ,
...
Ճրագն իր տակը լույս չի տալիս, չէ...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

***
Նորից դժվար ճամփա,
Եվ ուսաբեռ`տարիք,
Եվ մի գավաթ շամպայն`
Հրաժեշտով դարի:

Նորից հուշ ու խնկարկ,
Աղոթք ու հույս նորից,
Մեզ հետ ճամփա ընկան
Չարն ու բարին դրկից:

Նորից ճառեր,երդում,
Չարտասանվող սերեր,
Նորից Աստված և դու,
Եվ ճերմակին`սևը...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

2013. Նույն….

Կարծես այգը նույն է, անծես,
Կարծես նույն է այս ցերեկը,
Եվ գիշերն էլ նույն է կարծես,
Միայն, միայն տասներեք է...

Նույն է ընթրիքն ու անխորհուրդ`
Խորհրդավոր հիշողությամբ,
Նույն տանջանքն է սիրտ, անկողնու,
Նույն տեսիլը`ի շող ու ձյան:

Նույն ավարտն է` բաց երախով,
Նույն Աստվածն է` սիրով մարդու,
Բայց մնում է մեզ դեռ աղոտ
Հույսն էլ աննույն, տարբեր, արթուն


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 

Հոգնել եմ քեզ երգ, նվագ կոչելուց,
Երբ քո շուրթերին ուրիշ երգեր են,
Երբ քո մարմնին ուրիշ ձեռքեր են,
Հոգնել եմ լքված ստեղ լինելուց:

Հոգնել եմ նկար կոչելուց, Կտավ,
Երբ քո ներկերին ուրիշ վրձին է,
Երբ չես կամենում գույնն իմ վերցնել,
որ քո նկարին նոր երանգ կտա...

Հոգնել եմ կոչել քեզ գիր ու հղացք,
Երբ քո երգերում իմ բառերը չեն,
Երբ նվագիս մեջ`քո պարերը չեն,
Ուղեկից եղիր, ախ, ոչ թե գնացք...

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Ախ, ասա, ասա, որ ինձ չես սիրում,
Կկարծեմ` մոլոր գետակ ես դու մի,
Որ կհայտնվի, մեկ է, իմ ծիրում
Օվկիանոսային` առանց խոստումի:

Ախ, ասա, որ ինձ չես սիրում, օ, ոչ,
Եվ ասաայգում, բոլորից թաքուն,
Ձայնով, լռությամբ, համբույրով դողդոջ,
Կլսեմ լոկ այն, ինչ սիրտդ է զարկում:

Ասա` չես սիրում, ես դա չեմ հիշի,
Կներեմ անսեր բառերդ հերթով,
Միայն մի ասա, որ դու ուրիշի,
Որ ուրիշի եսսիրելու հետո

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Անցյալ տարին մնաց, որպես մի դառնահամ,
Որպես թմբիր, դոզա պարտադրված դեղի,
Ես մտքի մեջ լացե՜մ, ցավից, սիրուց, ախ, մա՜մ,
Եվ աղոթեմ, որ իմմահը կյանք չտևի

Անցյալ տարին մնաց, որպես տնվոր հոգու՝
Անկողնային հիվանդ, թոշակառու, մեռնող,
Մայաների գրքից վերջին էջը պոկում
Ավետում եմ, սակայն, աշխարհամուտ դեռ նոր:

Անցյալ տարին մնաց, որպես վերարկուի
Չանհետացող բծեր, չմաքրվող, անգո,
Ի՞նչ կփոխվի սակայն երազ-ներարկումից,
Երբ փայլում է շեղբը երազների լայնքով:

Անցյալ տարին մնաց՝ նախորդների հանգույն,
Տարին դարձավ կյանքի ճակատների կնճիռ,
Չսիրեցինք, ավաղ, արտասվեցինք թաքուն,
Զի բանալին կորավ մեր կողպված Խղճի

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Լյա մինոր

Ոչինչ մի ասա, մի ասա ոչինչ,
Թող բառը քնի Աստծո բերանում,
Մի ժխտիր, պետք չէ, նորը մի կոչիր,
Լռիր, հեռացիր, կորցրու, կորչիր

Ոչինչ մի ասա, ոչինչ մի ասա,
Ասելիքն այն չէ, ինչ բառ է դառնում,
Գնա առանց լաց ու թեթևասահ,
Եվ մի լացացրուՄեծն դերասան

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Երկար կձյունի, կանձրևի անդուլ,
Քանի երկնքից հեռու է մարդը,
Քանի հոգեսյուն տաճարն է քանդվում
Եվ դեռ շինվում են մարմնաբերդեր:

Երկար կտիրի ցուրտն աննեղանակ,
Մատներն ու հոգին երկար կսառչեն,
Ախր, պետք է մեզ լոկ մարդեղանալ,
Ոչ Աստված խաղալհայելու առջև


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Տոներից առաջ

Կվառեմ, մոմերը կվառեմ`
Դուք քայլեք երջանիկ ու վստահ,
Դուք եդեմ-աշխարհներ թափառեք,
Կաղոթեմ` իմ խցի մեջ նստած:

Կսիրեմ բոլորիդ անխտիր,
Կսիրեմ նաև ձեր փոխարեն,
Չէ՞ որ Սերս երբեք չեն խախտի,
Չէ՞ որ այն Երկնից եմ փոխառել:

Կլցնեմ, կլցնեմ գավերը,
Դուք եղեք սիրելի ու սիրող,
Դուք ձեր սիրտը միայն չավերեք,
Քմայքի շղարշով եզերող:

Դուք ներեք, ախ ներեք ներողիս,
Իմ մեղքերն ու կյանքը սայթաքուն,
ԱՐԱհետ կլինեմ, սիրուղի,
Անգամխորը ծովի հատակում

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Բարի գիշեր չասացիր...չլուսացող իմ գիշեր,
Չմոռացա: Ախ, էլի չկարեցա լոկ հիշել,
Կարևոր չէ բառն արդեն, հրաժեշտն էլ`չար-բարի,
Երբ հեռու ես, կամ էլ կաս, որպես մութի թանձր շերտ....

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Երկրագունդ՝ հիվա՜նդ, կանացի՜, գրկո՜ղ,
Արյուն՝ ծորացող արգանդից, թացե՜ր,
Սևահանդերձանք, զուսպ ու անկրքոտ,
Չգիտես մոռնա՞ս, թե կարոտ տածես:

Երկրագունդ՝ հղի՝ անանուն հորից,
Ո՞վ է ծնվելու, որԱպրիգոնե-
Ոչ թե մեզ նման չմեռնի նորից,
Նա, որի համար Սեր են մոգոնել

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հենց էնպես....

/
անհավես կսմիթ.../

68-
ից հետո ոչ ճառ են ասում, ոչ` զանգ կախում,
Ոչ ազատ են լինում, ոչ առկախում,
Ոչ սևերով, ոչ էլ սպիտակով են խաղում,
68-
ից հետո Ձմեռ պապն էլ է կաղում...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 


* * *
Տխուր կնստեմ հայելու առաջ,
Եվ արցունքներս կտեսնեմ տկար,
Եվ իմ աչքերը տխրությամբ սառած,
Եվ ինձ..անժպիտ, անկենդան նկար:

Կլացեմ ազատ, աչքերից հեռու,
Երկբայանքներից, աչքից անհոգի,
Ոչ ոք չի տեսնի իմ լացը արու,
Չեն արհամարի ու չեն ամոքի:

Բայց թե գաս ինձ մոտ, թե գաս վերջապես,
Խոստովանության բառեր լսելու,
Սերս դու պիտի լացովս չափես,
Ու լացիս մեջ պիտ...արցունք դառնաս դու...

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Հին տարին դանդա՜ղ աչքերն է գոցում,
Մահն անխուսափ է, ծնունդը նույնպես,
Խուճապ է քաղաք-հիվանդանոցում,
Մա՞րդ ենք, աստվա՞ծ ենք, թե՞ հիվանդատես

Պատվանդաններին դեռ ճառում են ծո՜ր,
Եվ նկուղներում գրում մանիֆեստ,
Հարթակ են ուզում դեռ փոքր ու մեծով,
Գահավիժում է, ոչ թե Բանիվեր:

Սատկում է հոգին, լեշի պես նեխում.
Հաշվում է տերտերն իր փողը նորեն,
Ես նույն ամբոխի արքան եմ տխու՜ր,
Թագս ձեզ կտամ այս Ամանորին

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


* * *
Դու հիշելու ես ինձ միայն այն ժամանակ,
երբ որոշես սրբել աչքերդ...

Եվ կգտնես քո գրպանում`
որպես ճմրթված թաշկինակ...

Դու հիշելու ես ինձ, երբ որոշես...լացացնել ինձ...

Комментариев нет:

Отправить комментарий