(բարձը շուռումուռ տալիս, դիրքափոխելիս)
Աշխարհի անընդհատ էվոլյուցիան շատ բան է փոխել` նույնիսկ անճանաչելիության աստիճան: Որը` փոփոխել, որը` վերափոխել, որն էլ` հիմնափոխել` բնութենապես թե մարդկայնորեն: Մենք էլ, գուցե, բացառություն չենք: Ավելին, հենց մենք ենք այդ բացառիկ փոփոխությունների սաղմնավորող-գյուտավորողը` հազվագյուտ օգտակարությամբ և անզգյուտ խեղասիրությամբ…
Երբ Դարվինն ասաց, թե մարդն առաջացել է կապիկից, նրա տեսությունը եկան ու ժխտեցին ուրիշները, որոնց ինքնասիրությունը վիրավորվեց նման մտքից: Ոմանք էլ գիտական հակափաստարկներ բերեցին: Իսկ աստվածավախները լուռ խաչակնքեցին և առաջինների և սրանց համար:
Սակայն մեկ բան այս ամենում անառարկելի ու անփոփոխ: Էվոլյուցիան, ըստ էության, կատարելության ձգտումն է: Չի կարող, ասենք, լինել հակառակ ընթացքը, այլապես մի բան այն չէ: Չզարգացող մարմինը մեռածն է, որին վերակենդանացնելն աշխարհիկ հնարավորություններից չէ:
Մեր դեպքում, աներկբա է, որ էվոլյուցիան աստիճանազարգացում չէ միայն, այլ նաև օրավուր աղճատում: Մեր ձեռքը մեզնից չպրծած` հասել է Աստծուն, այսինքն` էլի մեզ…Էդ ի՞նչն է, որ Բարձրյալինը չէ…էդ ի՞նչն է, որ անաստված է ու գոյութենապես Աստծո հետ կապ չունի…
Հա, էդ մեր Աստված խաչած ձեռքը հիմա էլ հասել է Հարությալ Ամենաողջի հղացմանը` Մեզ` որպես երկու սեռեր, ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ՍԵՌԵՐ, որոնց տարբերությունը Ներդաշնակում է ՄԱՐԴԱՍԵՌՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ…Այլասեռվել ենք, կինը տղամարդ է դառնում, կամ` հակառակը, արուն համասեռ-համասիրությամբ է վարակվում, Եվայի սերունդը` լիլիթասիրությամբ:
Չէ, խեղասեր, ինքնասեր, մարդասեր, արվասեր, լիլիթասեր…Մի քիչ շատ սեր չե՞նք ասում, կոչում: Մի քիչ շատ չե՞նք սերը շահարկում և շատ չէ՞, արդյոք, ամեն ինչ ներվում սիրով…Երեվի, շատ չէ, որովհետև անսերության փոխհատուցման միակ միջոցը Սերն է` ԱՆՓՈՓՈԽ ՍԵՐԸ` Բարեփոխելու աստվածասիրությամբ…
Փոխելու մարմաջը եդեմներից եկավ` հասավ մինչև…իմ դստեր օրերը…Էս շորը չեմ ուզում, ուրիշն եմ հագնելու, փոխեք, էսօր երկուշաբթի չէ, շաբաթ օր է, մանկապարտեզ չեմ ուզում գնալ, փոխեք շաբաթվա օրերը, պարտականությունները, պայմանականությունները…
Եվ ուրեմն փոփոխությունների ՆՈՐ ՋՐՀԵՂԵՂԸ հնից տարբերվում է տարեգրորեն ու արտաքին հայտածումներով, նշաններով միայն, քանզի Արարատն էլ չի փրկելու իր բարձրականությամբ`հնարավոր հեղեղատին կուլ չգնալու…Եվ չեն փրկելու Մարսն ու այլ տիեզերավայրերը, որին ևս հասել է մեր ձեռքը:
Փրկումի ամենաբարձր կետը` ամենացածրն է նաև, որտեղ մենք ենք` փոփոխամոլուցքով, բայց մշտանույն անճարակությամբ…
Փրկումի ամենաբարձր կետը` Աստված իսկ, չի կարող փրկել մեզ, եթե չենք փրկում Աստծուն մեր ու իր կործանումից:
Ինչ ուզում ես արա, Աստծուն եղբայր, ընկեր, մարդ համարիր, միայն թե, Նրան մի տարբերիր քեզնից ու քեզ` Իրենից…մի իմաստափոխիր Քեզ` նույն է թե` Նրան: Եվ եթե մի բան ունես փոխելու, ապա ոչ, ամենևին, աչքերդ, այլ..դրանց սևեռակետն ու հայացքդ:
Այսօր, աղջիկս, երկուշաբթի չէ, շաբաթվա առաջին օրը չէ, այլ ՄԵԾ Մտափոխության վերջին Օրասահմանը, որովհետև վաղն արդեն ուշ կլինի` անկախ օրացուցային վավերականությունից…Ես սկսում եմ ինձնից, ես սկսում եմ հասկանալ քեզ…
Այսօր երկուշաբթի չէ, այլ Վաղվանը նախորդող վերջին օրը….
Комментариев нет:
Отправить комментарий